Բաժիններ՝

Նոր ներմուծված մեքենաների վարորդները, առանց կատալիզատոր վարելու դեպքում, կտուգանվեն 300.000 դրամով

Շրջակա միջավայրի նախարարությունը 2020 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 19-ը հանրային քննարկման էր ներկայացրել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է սահմանել տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված, առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով տրանսպորտային միջոցների շահագործման դեպքում:

Գերատեսչությունը տուգանքի չափը սահմանել է՝ հաշվի առնելով ապամոնտաժված կատալիտիկ չեզոքացուցիչների շուկայական միջին գինը` մոտ 300.000 դրամը։

«Եթե տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով՝ վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտային օդ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ, եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատվում է Հայաստանում։ Հանդիպում են նաև ավելի մեծ արժեք ունեցող չեզոքացուցիչներ, որը պայմանավորված է դրանում պարունակվող թանկարժեք մետաղների մեծ քանակով։ Հետևաբար, նախատեսվող տուգանքի չափը չպետք է փոքր լինի քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից կատալիտիկ չեզոքացուցչի ապամոնտաժման և իրացման արդյունքում ստացվելիք դրամական օգուտից»,- նշված է հիմնավորման մեջ։

Նախագիծը ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից։

Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանի ավտոպարկում 80 տոկոսն իր  կատալիզատորը մեքենայի վրայից հանել և վաճառել է:

«Կատալիզատորում թանկարժեք մետաղներ կան ու բավական թանկ գնով վաճառվում են, սակայն դա ֆիլտր է, որն արտանետումները նվազագույնի է հասցնում: Օրինակ, ամեն 100.000 կմ վազքի դեպքում պարտադիր կերպով կատալիզատոր է փոխվում։ Բայց մեր մոտ ոչ ոք չի փոխում։ Կամ հինը թողնում են վրան, կամ հանում են, ու վերջ: Տուգանելու են նոր ներմուծված մեքենաները, իսկ նյութերում ներկայացվում է, իբր բոլոր կատալիզատոր չունեցողներին են տուգանելու: Բացի դա՝ հանրապետություն ավտոմոբիլ ներմուծելով և կատալիզատորը ի սկզբանե հանելով՝ ակնհայտ դիտավորությամբ իրավախախտում են թույլ տալիս»,- նշեց Արտակ Խաչատրյանը:

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք տեղի՞ն են վարորդների դժգոհությունները՝ 300.000 դրամ տուգանքի գին սահմանելու առումով, նա պատասխանեց.

«Ապրանքի ինքնարժեքի դեպքում, որը կարող է տատանվել 700-800.000 դրամի սահմաններում, կարծում եմ՝ տուգանքը համաչափ է: Կարող էր ավելի քիչ լինել, սակայն պետք է հաշվի առնել այն, որ սա վերաբերում է 2020թ․ հունվարի 1-ից հետո ներկրված մեքենաներին, որոնց թիվը միգուցե մի քանի հարյուրի է հասնում: Ենթադրում եմ, որ մինչև ներկրելը մեքենայի այդ դետալները չեն հանել: Կարծում եմ՝ մտահոգվելու մեծ խնդիր չկա, որովհետև ՀՀ-ում մոտ 600.000 մեքենա կա, և այս պահին ընդամենը մի քանի հարյուրին է դա վերաբերում: Սա ավելի շատ հետագայի համար է, որպեսզի նոր բերված ավտոմեքենաների կատալիզատորները չհանեն»: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031