Ճապոնիայի հարավ-արևմուտքում մոլեգնող տեղատարափների և հեղեղումների զոհերի թիվը հասել է 49-ի
Ճապոնիայի հարավ-արեւմուտքում հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների եւ փլուզումների պատճառով զոհվածների թիվը հասել է 49-ի, եւս 11 մարդ համարվում է անհետ կորած: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:
Հուլիսի 6-ին ժամը 22:00-ի տվյալներով (Երեւանի ժամանակով 17:00) բժիշկները հաստատել են 49 մարդու մահ, եւս մեկ մարդու մոտ բացակայում են կյանքի նշանները, բայց նրա մահը պաշտոնապես դեռ չի հաստատվել:
Եւս 11 մարդ համարվում է անհետ կորած: Գլխավոր օդերեւութաբանական գործակալությունը, ըստ հինգբալանոց սանդղակի, վտանգավորության առավել բարձր մակարդակ է հայտարարել Ճապոնիայի հարավ-արեւմուտքի մի շարք պրեֆեկտուրաների համար՝ կապված հորդառատ անձրեւների եւ դրանցով պայմանավորված հեղեղումների հետ:
Հեռուստաալիքների եթերում հաղորդավարները մարդկանց կոչ են անում անհապաղ տարհանվել ժամանակավոր բնակության մոտակա կետ, իսկ եթե դա հնարավոր չէ, բարձրանալ շենքերի վերին հարկեր կամ տանիքներ: Երկրի օդերեւութաբանական գործակալության ներկայացուցիչների խոսքով՝ աղետի գոտիներում դիտվում են «հզորությամբ աննախընթաց տեղատարափներ: Ճապոնիայի հարավ-արեւմուտքի առանձին շրջաններում գրանցվել են մինչեւ 800 միլիմետր տեղումներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: