«Վարչապետը հասկացել է, որ որևէ ներդրող Հայաստան չի գալու, որովհետև ոչ մեկը հավես չունի փռվել ասֆալտին և ծեփվել պատերին՝ որոշել է մարդկանց տուգանելով բյուջեն լցնել». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ դիմակ չկրելու համար երկու անգամ արդեն տուգանվել է, սակայն վարչական ակտը դեռ չի ստացել։

«Երկու օր առաջ՝ հուլիսի 4-ին, ինձ ծանուցագիր եկավ, համաձայն որի՝ ես հուլիսի 2-ին հրավիրվում եմ վարչական մարմին։ Սա է իրենց աշխատանքի որակը, ես էլ, քանի որ չէի կարող երկու օր առաջ գնալ նիստի, հետ տալ ժամանակը, որովհետև  մարդկային բանականությանը հայտնի չէ այնպիսի գործիք, որով ժամանակը հետ տան։ Իրենց ասացի, որ վստահ եմ՝ նիստը գումարել են, հետևաբար՝ կարող են իրենց ապօրինի որոշումն ուղարկել, ես դրա հետքերով կգնամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։

Ըստ նրա, երբ ստանա վարչական ակտը, եթե, իհարկե, հանդգնեն նման ապօրինի ակտ ուղարկել իրեն, այդ ժամանակ էլ  դրա հետքերով կգնա։

«Երկու անգամ են ակտ կազմել, երկուսի դեպքում էլ գրել եմ, որ համաձայն չեմ, քանի որ շնչառական խնդիրներ ունեմ, և ինձ այդ ամենը հակացուցված է։ Վարչական մարմինն ինքը պետք է ապացուցի քաղաքացու համար անբարենպաստ հանգամանքների առկայությունը, թող գնան դատարան, ապացուցեն՝ տուգանքը կվճարեմ։ Չեն գնա, ուրեմն իրենց անօրինակ վարչարարության համար պատասխանատվության կենթարկվեն։

Ամոթալին այն է, որ մեր երկրի վարչապետը, փաստորեն հասկանալով, որ իր վարած քաղաքականության արդյունքում որևէ ներդրող Հայաստան չի գալու, որովհետև ոչ մեկը հավես չունի փռվել ասֆալտին և ծեփվել պատերին, որոշել է պետական բյուջեն համալրել նման միջոցներով՝ քաղաքացիներին տուգանելով։ Մինչդեռ ինքն իշխանության գալուց բոլորովին այլ բանի մասին էր խոսում»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս