«Հաճախ փոխարինելով սահմանադրական տեքստերը՝ դժվար կլինի սիմվոլիկ վերաբերմունք ցուցաբերել այդ փաստաթղթի նկատմամբ». Սահմանադրագետ
«Մարդկանց հասարակական կյանքը ձևավորելու տեսակետից խորհրդանիշներն ունեն չափազանց կարևոր նշանակություն։ Նման արժեքաբանական երևույթներ են վերապահված սահմանադրություններին, որոնք ոչ թե զուտ փաստաղթային նորմեր պարունակող երևույթ են, այլ արժեքներ պարունակող երևույթ են։ Սա է պատճառ Սահմանադրությունն է ձևավորում կոնկրետ հասարակական կարգի ինքնությունը ժամանակակից աշխարհում»,- այս մասին «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովի ժամանակ ասաց իրավագիտության թեկնածու, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը։
Հիշեցնենք, որ խորհրդաժողովը տեղի է ունենում Գոշավանքի բակում, որին մասնակցում են անվանի իրավաբաններ, փաստաբաններ։
Ըստ նրա, ամբողջ աշխարհում ընթացող սահմանադրական զարգացումները հանգեցրեցին նրան, որ Սահմանադրությունը սկսեց ձեռք բերել երկակի նշանակություն, բացի պրոցեդուրալ հարցերից, այն վերածվեց չափազանց կարևոր նշանակություն ունեցող սիմվոլիկ երևույթի։
Սահմանադրագետի խոսքով՝ Սահմանադրությունը չպետք է դիտարկվի որպես նորմատիվ փաստաթուղթ, այլ նրան պետք է տրվի շատ ավելի մեծ դերակատարություն՝ սիմվոլիկ դերակատարության տեսանկյունից։
«Իրականում Սահմանադրությունը որպես սիմվոլ, արժեքային նշանակություն ունեցող երևույթ ցանկացած սուբյեկտի տեսանկյունից ոչ թե գործիք կամ միջոց պետք է ծառայի, այլ պետք է լինի այն սահմանը, որից այն կողմ հնարավոր չէ սկզբունքային տեսանկյունից որևէ գործողություն կատարել։ Այս տեսանկյունից կարևոր է, որ մենք Սահմանադրությանը որպես արժեքի և երևույթի նկատմամբ վերաբերմունք ձևավորենք, ոչ թե հիմք ընդունելով այն հանգամանքը, թե օրինակ ինչ ժամանակաշրջանում է այն ընդունվել, կամ որ քաղաքական ուժի կողմից, այլ վերաբերվենք որպես սիմվոլի»,- հավելեց այն։
Նա նաև ընդգծեց, որ աշխարհում մեծ թիվ են կազմում այն սահմանադրությունները, որոնք ընդունվել են կամ 19-րդ դարի սկզբին, կամ 20-րդ դարի սկզբին, կամ էլ նույն դարի երկրորդ կեսերին, դրանք մինչև այժմ չեն փոխարինվել նոր փոփոխված տեքստերով։
«Չափազանց հաճախ փոխարինելով սահմանադրական տեքստերը, միանշանակ դժվար կլինի սիմվոլիկ վերաբերմունք ձևավորել այդ փաստաթղթի նկատմամբ»,- շեշտեց նա։