Չի բացառվում, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն ապագայում որոշակիորեն փոխվի, այդ թվում՝ ԼՂ հակամարտության ուղղությամբ․ Լուկիանով

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլում, կարծում եմ, քննարկվում են իրավիճակային խնդիրներ»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորման գործընթացին և Ադրբեջանում ԱԳՆ-ի դեմ իրականացվող գործողություններին։

Հիշեցնենք, որ օրերս տեղի ունեցավ Մնացականյան-Մամեդյարով հերթական տեսակոնֆերանսը։ Հաջորդ տեսակոնֆերանսը տեղի կունենա այս ամիս։  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ հանդիպումներ են ունեցել՝ քննարկելու տարածաշրջանում հանրային առողջապահական իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղության գործընթացում նախատեսվող հաջորդ քայլերը: Համանախագահները, բացի ավանդական ձևակերպումներից, նշել էին, որ դրական են գնահատում տեղում հարաբերական կայունությունը և գոհունակություն էին հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել առկա հաղորդակցական ուղիղ կապերը` էսկալացիայից խուսափելու համար, ինչպես նաև մտահոգություն հայտնել, որ վերջին հրահրող հայտարարությունները, թշնամական հռետորաբանությունը  կարող են խաթարել կարգավորման գործընթացը:

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր հատուկ գործողություն են սկսել Ադրբեջանի ԱԳՆ շենքում։ Տեղեկության համաձայն՝ հակակոռուպցիոն գործողության շրջանակում ձերբակալվել են ԱԳՆ մի շարք պաշտոնատար անձինք, գրում են Բաքվի լրատվամիջոցները։ Որպես պատճառներ են նշվում կոռուպցիոն խնդիրները, ինչպես նաև հանգամանքը, որ Մամեդյարովը, ըստ ադրբեջանական քաղաքական որոշ շրջանակների, տապալել է  նաև Ղարաբաղյան  ուղղությամբ ադրբեջանական դիվանագիտությունը։

Ֆյոդոր Լուկիանովի գնահատմամբ՝ ավելի ուշագրավ է այն, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ-ում, քան նախարարական հանդիպումը, որի ընթացքում, ինչպես ինքն է հասկացել՝ քննարկվել են ընթացիկ հարցեր։ Ըստ նրա՝ նման բազում հանդիպումներ են եղել ու դեռ կլինեն։

«Դրանք ոչինչ չեն որոշում, իմ կարծիքով, միայն իրավիճակային խնդիրներ կքննարկվեն և կլուծվեն։ Սա երկարաձգված հակամարտություն է, ու որքան հասկանում եմ, դեռ երկարաձգվելու է։ Ավելի հետաքրքիր է այն, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանում, քանի որ հատկապես վերջին ամիսների ընթացքում սրվել էին տրամադրություններն ընդդեմ արտգործնախարար Մամեդյարովի, ում դեմ էին արտահայտվում որոշ պատգամավորներ, նախկին քաղաքական գործիչներ, մեղադրում և այլն։

Այսինքն՝ այդ թևն այսօր գլուխ բարձրացրեց, և ենթադրաբար կլինեն այլ զարգացումներ ևս։ Այս իրավիճակում, կարծում եմ, պետք է հասկանալ, թե ինչպես կփոփոխվի ապագայում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը՝ կլինի ավելի մե՞ղմ, թե՞ ընդհակառակը, այնուամենայնիվ, ներկայիս դիվանագիտությանն ուղղված քննադատությունը շատ է, ինչը նշանակում է, որ վերանայումներ Ադրբեջանի  արտաքին քաղաքական այդ ուղղության մեջ լինելու են, և, բնականաբար, դրանք ոչ բովանդակային վերանայումներ չեն լինի։ Չեմ կարծում, որ դիրքորոշումներ կփոխվեն, սակայն սրության հարցում փոփոխություններ կլինեն, ներկայիս զարգացումները դա են վկայում, և դրան է, որ պետք է հետևել, այդ թվում՝ զգոն լինել»,- ասաց Լուկիանովը։

Նրա խոսքով, և՛ ղեկավարների, և՛ նախարարների մակարդակով հանդիպումների ժամանակ մշտապես քննարկվել ու քննարկվում են կարգավորմանը վերաբերող գաղափարներ։

«Ինչ են արել նախարարներն այդքան հանդիպումների ընթացքում․ բնականաբար, քննարկել են լուրջ հարցեր։ Այս դեպքում, կարծում եմ, կարևոր չէ, թե այդ հարցերը ներառված են ռուսական կամ ամերիկյան փաթեթում, բոլորն էլ հասկանում են, որ, եթե լուծումը չլինի հավասարակշռված, ապա հակամարտությունը չի կարգավորվելու, այլ մտնելու է ավելի դժվար դիմակայության փուլ։ Այս ամենի ուղղությամբ առաջընթաց, ըստ իս, չի գրանցվում, քանի որ ստատուս-քվոն ձեռնտու է բոլորին։ Սա մի փոքր տարօրինակ է հնչում, բայց եկեք հասկանանք, որ ստատուս-քվոյի փոփոխությունը ցանկացած տեսքով, այդ թվում՝ ոչ բանակցային և բանակցային, ձեռնտու է լինելու կողմերից միայն մեկին, քանի որ բազային հարցերում բոլոր կողմերն էլ պետք է զիջումներ անեն, որը չեն անի։ Իսկ Ռուսաստանն այստեղ միջնորդ է, եթե կան ռուսական առաջարկներ, ապա դրանք քննարկված և համաձայնեցված են մյուս միջնորդ երկրների հետ, և, կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ ԱՄՆ-ը և Ֆրանսիան կցանկանան, որ թեկուզ ռուսական փաթեթով կարգավորվի հակամարտությունը, իսկ այդ փաթեթը, բնականաբար, Ռուսաստանը օդից չի վերցրել, դրանք մինչ այժմ քննարկված հարցեր են»,- ասաց Լուկիանովը։

Տեսանյութեր

Լրահոս