«Ինչպես ցանկացած իշխանություն, այդպես էլ՝ ժողովրդի իշխանությունն ունի իր սահմանները». Անահիտ Մանասյան

«Այս պահին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը մշակում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունները, և որևէ վերջնական որոշում այն հարցի հետ կապված, թե ինչ ձևաչափով է ներկայացված լինելու այդ ամբողջ պրոցեսը՝ նոր Սահմանադրության ընդունմա՞ն, թե՞ սահմանադրական փոփոխությունների կատարման, դեռևս վերջնական որոշման տեսքով արձանագրված չէ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց սահմանադրագետ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում իր ելույթներից մեկում անկեղծորեն խոստովանել էր, որ «հատկապես այս շրջանում եկել է այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել»։

Այս հարցի առնչությամբ սահմանադրագետը ներկայացրեց իր անձնական տեսակետը՝ նշելով, որ, եթե խոսքը լրիվ նոր գաղափարական հենք ունեցող Սահմանադրության մասին է, ապա այն ժամկետները, որոնք սահմանադրական բարեփոխումների համար նախանշվել են, այնքան էլ համապատասխան չեն նմանատիպ լուրջ գործընթացի համար.

«Եթե խոսքն այն մասին է, որ մի քանի դրույթներում փոփոխություններ կատարվեն և, միևնույն ժամանակ, ամբողջական տեքստ ներկայացվի, օրինակ՝ հանրաքվեի, ապա սա ևս կարելի է ընդունելի համարել, բայց պետք է նկատի ունենալ մի քանի կարևոր հանգամանք, որպեսզի պրոցեսը խնդրահարույց չդառնա: Առաջին հերթին՝ այն տեսանկյունից, որ զարգացում կարող է դիտարկվել միայն այն փոփոխությունը, որը որակական փոփոխություն է ենթադրում, այսինքն՝ ենթադրում է անցում մի որակական վիճակից մեկ այլ որակական վիճակի: Եվ տվյալ պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք հնարավոր է երաշխավորել այս մոդելի պարագայում նման որակական զարգացումը, և, բնականաբար, սրա հետ կապված հնարավոր են այլ հետագա հարցադրումներ, մասնավորապես այն ուղղությամբ, թե, օրինակ՝ արդյո՞ք պատշաճ կլինի նախկինում գոյություն ունեցող տեքստն ընդամենը մի քանի փոփոխություններով ամբողջական տարբերակով ներկայացնել հանրաքվեի և նոր ընդունման գործընթացի, և այլն: Հետևաբար, եթե նույնիսկ այս տարբերակներից որևէ մեկը կոլեկտիվ որոշմամբ ընունվի, ապա անհրաժեշտ է նկատի ունենալ այս հանգամանքները»:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ սահմանադրական սիմվոլիզմի կողմնակից է և համարում է, որ Սահմանադրությունը ոչ թե զուտ նորմատիվ փաստաթուղթ է, այլև սահմանադրական համակարգի համար սիմվոլ է.

«Եվ շատ կարևոր է, որ զարգացման պրոցեսում էլ ապահովվի նախկինի, ներկայի և ապագայի միջև ակումուլյատիվ կապը, և կարծում եմ, որ 1995թ. ընդունված Սահմանադրությունն ինչ-որ տեղ իր մեջ խորհուրդ է պարունակում այն տեսանկյունից, որ անկախության վերականգնումից և դրա հետ առնչվող բոլոր գործընթացներից հետո ընդունված Սահմանադրություն է, և շատ ավելի կողմնակից կլինեմ՝ որպես սիմվոլի՝ հենց այդ սահմանադրական տեքստի պահպանման, բնականաբար, հնարավոր այլ փոփոխություններով: Նաև՝ զուտ զարգացումների առումով այլընտրանքային այլ տարբերակների հնարավորությունը, ինչն ինքս էլ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում առաջարկել եմ, օրինակ՝ Սահմանադրության պաշտոնական մեկնաբանության միջոցով Սահմանադրության զարգացման ինստիտուտը, ինչը չափազանց ընդունված տարբերակ է»:

Ինչ վերաբերում է իշխանություններից հնչող այն տեսակետներին, թե՝ եթե կա ժողովուրդը, Սահմանադրությունն առոչինչ է, նա հետևյալն ասաց.

«Շուտով Մեծ Բրիտանիայի համալսարաններից մեկում լույս կտեսնի իմ հոդվածը, որը վերաբերում է ժողովրդավարության էթիկային, և այնտեղ շատ մանրամասն անդրադարձ եմ կատարում այն երևույթին, որ, ինչպես աշխարհում ցանկացած երևույթ, այնպես էլ՝ ժողովրդավարությունն ունի իր սահմանները: Եվ ժողովրդավարական էթիկայի ամբողջ իմաստն այն է, որ կան կոնկրետ սկզբունքներ, որոնք պետք է ընկած լինեն ցանկացած տեսակի իշխանության հիմքում՝ լինի դա ժողովրդի իշխանություն, թե պետական, և որի սահմաններից դուրս այդ իշխանության իրացումը, ըստ էության, այլևս իրավաչափ չէ: Սահմանադրությունը մեր տիպի համակարգերում ձևավորված այն արժեքն է, որը դնում է այդ սահմանը, որից դուրս հնարավոր չէ անցում կատարել: Սա ոչ թե զուտ նորմերի, այլ արժեքների համակարգ է, ինչը նշանակում է, որ, ինչպես ցանկացած իշխանություն, այդպես էլ՝ ժողովրդի իշխանությունն ունի իր սահմանները, և Սահմանադրության նկատմամբ պատշաճ վերաբերմունքն էլ արտահայտվում է նրանում, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանա, թե որտեղ է այդ ինքնասահմանափակման սահմանը սկսվում և ավարտվում»:

Հարցին՝ կա՞ մեկ այլ երկիր, որի նախագահը կամովի հրաժարվում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունից, ինչպես մեզ մոտ եղավ, նա պատասխանեց. «Պետք է մի փոքր զգույշ լինել՝ այս հարցադրման վերաբերյալ եզրահանգումներ իրականացնելիս, որովհետև իրականում Սահմանադրությամբ նախագահին է վերապահված օրենքները ստորագրելու և հրապարակելու գործառույթը, և ընդամենն ԱԺ կանոնակարգը օրենսդրական գործընթացի հետ կապված կանոնները տարածելով նաև ԱԺ-ում իրականացվող սահմանադրական փոփոխությունների գործընթացի վրա, ԱԺ կանոնակարգն այս պարագայում էլ հանրապետության նախագահին էր վերապահել նշված լիազորությունը, հետևաբար, տվյալ պարագայում, իհարկե, դարձյալ մեկնաբանության խնդիր է, բայց գործ ունենք ոչ այնքան՝ Սահմանադրությամբ վերապահված լիազորությունից հրաժարվելու, որքան՝ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված լիազորության իրացման որոշակի  փոփոխության հետ։

Ավելին ասեմ՝ անկեղծ ասած՝ չեմ տիրապետում այնպիսի տեղեկատվության, որի համաձայն՝ հանրապետության նախագահն ինքն է հրաժարվել նշված լիազորությունից: Ամեն դեպքում, եթե եղել են նման ներքին քննարկումներ, դրանց բովանդակությանը ծանոթ չեմ, և անլուրջ կլինի հիմա մակերեսային եզրահանգումներ անելը: Հարցական է՝ հրաժարվելո՞ւ, թե՞ պարզապես ԱԺ-ի կողմից այդ լիազորությունների ընթացակարգը փոխելու մասին է: Ինքս շատ ուրախ կլինեմ, եթե դրա վերաբերյալ մատուցվի հանրային մատչելի տեղեկատվություն, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան դրան ծանոթանալու, և դրանից հետո հնարավոր կլինի ավելի մանրամասն եզրահանգումներ անել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս