«Բժշկին խոստացել են 500.000 դրամ աշխատավարձ, չեն տվել, հիմա էլ վախեցնում են, թե՝ սուս մնա». Գևորգ Գրիգորյան

Կորանավիրուսի համավարակի հետևանքով արձանագրված թվերի վիճակագրությունը բավարար չէ գնահատելու համար վարակի դեմ պայքարը, որովհետև դեռ պարզ չէ, թե մենք այս համավարակից ինչպիսի առողջապահական և տնտեսական կորուստներ ենք ունենալու, հետևաբար՝ այդ համավարակի դեմ պայքարին գնահատական տալիս պետք է դիտարկել բոլոր ասպեկտները։ Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց բժիշկ–ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը։

«Այն վիճակը, որը մենք ներկայումս ունենք, ցույց է տալիս, որ մեր երկրի հնարավորությունները չեն հերիքում կամ բավարարում վարակի դեմ պայքարելու համար, և դա փաստ է՝ որքան էլ Առողջապահության նախարարը, կառավարության ղեկավարն ու պարետատունը բղավեն ու ասեն, որ վարակի դեմ պայքարում անում են ամենի ինչ»,- ասաց Գրիգորյանը։

Ըստ նրա՝ երբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ մենք կորոնավիրուսի դեմ պայքարում չենք տապալվել և ունենք լավ ցուցանիշ՝ մահաբերությունը մեզ մոտ 1.7-1.8 տոկոս է, աշխարհում՝ 5, կամ, որ նախարարը հայտնում է, թե դա հետևանքն է նրա, որ մենք կարողանում ենք շատ բարձր որակի բուժօգնություն ցուցաբերել վարակակիրներին, դա իր աշխատանքի արդյունքը չէ։

«Այն, որ մահաբերության ցուցանիշը մեզ մոտ պակաս է, դա առողջապհության նախարարի արձանագրած արդյունքը չէ, դա բժիշկների աշխատանքի շնորհիվ է։ Նախարարության խնդիրն է՝ մատակարարել հիվանդանոցներին համապատասխան նյութերով, թույլ չտալ, որ մենք ունենայինք այն իրավիճակը, որն ունենք։ Նախարարը պետք է ժամանակին միջոցներ ձեռնարկեր, որ բժիշկներն այսօր այդքան վարակակիրների՝ կաշվից դուրս գալով, բուժելու խնդիր չունենային, այնպես որ, նախարարության կողմից ներդրված որևէ գործիք չի օգնել մեր բժիշկներին, ավելին՝ խանգարել է։ Օրինակ՝ լարված մթնոլորտ է հիվանդանոցներում նախարարության նշանակած Covid-19 կենտրոնների պատասխանատուների և կամավորների, բուժկենտրոնների աշխատակիցների միջև։ Խնդիրներ են առաջացել տրված խոստումները չկատարելու հետ՝ բժիշկներին խոստացել են 500 հազար դրամ աշխատավարձ, բայց հետո բուժկենտրոնի հետ պայմանավորվածության են եկել, որ 250 հազար դրամը կվճարի բուժկենտրոնը, 250 հազար դրամը՝ նախարարությունը, բուժկենտրոնի տնօրենը 250 հազար դրամը չի տվել, ու բժշկին վախեցում են՝ ասում են՝ սուս մնա։ Սրանք ինֆորմացիաներ են, որոնք մի օր մենք անպայման հրապարակելու ենք։ Նախարարության ներդրած գործիքներից մյուսը վերաբերում է բուժմանը՝ օգտագործում են Պլակվենիլ դեղամիջոցը, որը գոնե, եթե չկիրառվեր, մահացության ցուցանիշը կարող էր շատ ավելի ցածր լինել»,- ասաց Գրիգորյանը։

Նրա փոխանցմամբ՝ Պլակվենիլը հանդիսանում է մալարիայի դեմ պայքարի դեղամիջոց, առաջացնում էր մեծ թվով բարդություններ և ուներ բազմաթիվ հակացուցումներ, բայց հիմա մեզ մոտ նախարարը հրաման է արձակել, որ կորոնավիրուսով վարակակիրների համար կոնկրետ դեպքերում պետք է օգտագործվի այս դեղամիջոցը, և դա՝ այն դեպքում, երբ Հայաստանը պաշտոնապես չի մասնակցել այդ դեղի փորձարկումներին։

«Եթե այս դեղը փորձարկման փուլում է, ապա մարդիկ պարտավոր են տեղյակ լինել, որ իրենք մասնակցում են փորձարկման։ Փորձարկումների ամենահիմնարար մասն է կազմում այն, որ պացիենտը պետք է տեղյակ լինի տվյալ դեղի բոլոր հնարավոր բարդությունների մասին, որից հետո տա իր համաձայնությունը։ Մի կողմ դնենք այն, որ բժիշկների վրա կար ադմինիստրատիվ լծակ հիվանդներին նշանակել փորձարակման փուլում գտնվող դեղամիջոցը, բայց հարց եմ ուզում տալ բժիշկներին՝ արդյո՞ք պացիենտներին տեղեկացվել է պատշաճ կերպով, թե ինչ է իրենից ներկայացնում այդ դեղամիջոցը, ասվե՞լ է արդյոք հիվանդներին, որ Հայաստանը չի մասնակցում այդ դեղամիջոցի փորձարկմանը, բայց ձեռք է բերում այն։ Ի դեպ՝ իմ ունեցած տեղեկություններով՝ Պլակվենիլ դեղը Հայաստան է ներկրում Առողջապահության նախարարությունը, և հարց՝ եթե Հայաստանը փորձարկմանը չի մասնակցում՝ ինչո՞ւ է այդ դեղը ներկրում։ Այստեղ կա մեկ այլ խնդիր՝ հիվանդներին տրվող Պլակվենիլի վրա գրված է չինարեն, մինչդեռ մեր երկրում գրանցված մալարիայի դեմ օգտագործվող Պլակվենիլի վրա գրված է ռուսերեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Գևորգ Գրիգորյանը անդրադարձավ նաև Առողջապահության նախարարության այն նախաձեռնությանը, որով պատրաստվում են փոփոխություն կատարել Արտակարգ դրության մասին օրենքում և բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը տալ Առողջապահության նախարարությանը։

Գրիգորյանի խոսքով՝ ինքը չի պատկերացնում, թե մասնավոր հիվանդանոցների ղեկավարներն ինչպես են թույլ տալու, որ ինչ-որ մեկը գա, նշանակվի ժամանակավոր պաշտոնակատար և կառավարի իրենց ԲԿ-ները։

«Ես չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է, օրինակ, Հարություն Քուշկյանը, Արմեն Չարչյանը կամ այլք, իենց բազկաթոռը զիջելու նախարարին և ասելու՝ բեր քո թեկնածուին դիր, թող ղեկավարի»,- ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ եթե նախարարությունը գնա բոլոր բժշկական կենտրոնները մեկ կետից կառավարելու քայլին, ապա դա բերելու է այդ կենտրոններից կադրերի արտահոսքի։

«Սրա նպատակն է՝ այդ բժշկական կենտրոնները լցնել սեփական թիմակիցներով, գումարները, որոնք պետք է լվացվեն, ավելի շատ կետերով լվացվեն։ Գումարների լվացման մասին կակնարկեմ, երբ արտակարգ դրությունը կավարտվի։ Կորոնավիրուսի հիմնադրամին փոխանցվել են շատ մեծ գումարներ, որոնք անվերահսկելիորեն ծախսվել են Առողջապահության նախարարության կողմից, որովհետև գումարների տնօրինողը իրենք են եղել»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս