«Բաց հասարակություններ» հիմնադրամը 2019-ին Հայաստանի տարբեր ՀԿ-ների տրամադրել է շուրջ 2,5 մլն դոլար դրամաշնորհ՝ նախորդ տարվանից մոտ 2 անգամ ավել, 2020-ին տրամադրածը դեռևս կազմում է 206 500 դոլար. Tert.am
Հայաստանում գործող, ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից հովանավորվող «Բաց հասարակություններ» հիմնադրամը 2019թ. Հայաստանի տարբեր ՀԿ-ների և այլ կազմակերպությունների ընդհանուր առմամբ տրամադրել է շուրջ 2.5 մլն (2 425 624) ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է հիմնադրամի կայքից:
Այս գումարից ամենաշատը բաժին է հասել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին, որը 2019թ. ստացել է 375 492 ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Հետաքննող լրագրողներ ՀԿ-ն 2019թ. հիմնադրամից ստացել է 179 966 ԱՄՆ դոլար դրամաշնորհ, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը՝ 223 948 դոլար, «Անցումային արդարություն միջազգային կենտրոնը»՝ 210 հազար դոլար, Ասպարեզ ժուռնալիստների ակումբը՝ 68 210, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն՝ 230 հազար դոլար, «Իրավունքների պաշտպանություն առանց սահամնների» ՀԿ-ն 90 հազար, Ռեսթարս նախաձեռնությունը 10 հազար դոլար, Իրավունքի զարգացման կենտրոնը՝ 106 280:
Թե ինչ այլ կազմակերպություններ են 2019թ. հիմնադրամից գումար ստացել և որքան, կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
2020թ. այս հիմնադրամը դեռևս երկու կազմակերպության է դրամաշնորհ տրամադրել: Դրանք են՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, որը ստացել է 19 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ 187 500 դոլար: Նշենք, որ այս երկու դրամաշնորհներն էլ տրամադրվել են 2020թ. հունվարի 8-ին:
Հատկանշական է, որ անցյալ տարի հունվարին հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել 3 կազմակերպության՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին 220 900 դոլար, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին 30 հազար դոլար և «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնին» 30 420 դոլար:
Անցյալ տարվա հունվարի համեմատ հիմնադրամը շուրջ 80 հազար դոլարով պակաս գումար է տրամադրել:
Նշենք նաև, որ բազմաթիվ կազմակերպություններ արդեն իսկ ներկայացրել են ծրագրեր դրամաշնորհ ստանալու համար և կազմակերպությունների ցանկը նույնն է, նույն կազմակերպություններն են, որոնք հիմնադրամից դրամաշնորհ են ստացել նախորդ տարիներին:
Tert.m-ը հաշվեց նաև, թե հիմնադրամը որքան դրամաշնորհ է տրամադրել Հայաստանյան կազմակերպություններին 2016, 2017, 2018 թվականներին: Եվ ասյպես, 2016 թվականին հիմնադրամը ընդհանուր առմամբ տրամադրել է շուրջ 1 մլն 800 հազար դոլար (1 752 534), 2017-ին՝ շուրջ 1,4 մլն դոլար (1 325 551), իսկ 2018-ին`շուրջ 1.8 մլն դոլար (1 792 495) և շուրջ 78 մլն դրամ (77 968 600): Ստացվում է, մոտ 2 անգամ ավելի գումար է տրամադրվել 2019 թվականին: