Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսի նորությունը մեկն էր․ Եվսեև

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պարբերաբար կոնտակտները պետք է պահպանվեն նաև համավարակի պայմաններում,  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս իրավիճակում դա են անել»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով շփումների արդյունքներին։

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը,  միևնույն ժամանակ՝ կարևորելով Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տեսակոնֆերանսն անցկացնել այս ամսվա ընթացքում։ Ադրբեջանական հաղորդագրությունում միայն մեղադրանքներ են՝ ուղղված հայկական կողմին, և տեղեկություն, որ հաջորդ տեսակոնֆերանսը տեղի կունենա այս ամիս։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն  են տարածել՝ նշելով, որ հանդիպումներ են ունեցել քննարկելու տարածաշրջանում հանրային առողջապահական իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղության գործընթացում նախատեսվող հաջորդ քայլերը: Համանախագահները, բացի ավանդական ձևակերպումներից, նշել են, որ դրական են գնահատում տեղում հարաբերական կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել առկա հաղորդակցական ուղիղ կապերը` էսկալացիայից խուսափելու համար, ինչպես նաև մտահոգություն հայտնել, որ վերջին հրահրող հայտարարությունները, թշնամական հռետորաբանությունը կարող են խաթարել կարգավորման գործընթացը:

Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ այս հանդիպումը նախորդ նախարարական հանդիպումններից և քննարկումներից որևէ բանով չի տարբերվում, պարզ է, որ այս ձևաչափով շփումները շատ երկար են շարունակվելու, և դրանք ոչ միշտ են հարուստ մեծ բովանդակությամբ։

Նրա գնահատմամբ՝ հետաքրքրականը միայն այն հանգամանքն էր, որ հաստատվեց ևս մեկ անգամ, որ գործում է ուղիղ կապը, քանի որ այդ մասին որևէ տեղեկություն ըստ էության չի հնչել վերջին մի քանի ամիսների և մեկ տարվա ընթացքում։

«Սա էր միակ նորությունը, որը ցույց է տալիս, որ նախկին պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել Դուշանբեում, պահպանվում է։ Վերջին շրջանի զարգացումներից է նաև այն, որ կա փոխադարձ սրացված հռետորաբանություն, որին անդրադառնալով՝ համանախագահները փորձում են այն վերացնել։ Նորությունները սրանք էին, կարծում եմ, բայց էական փոփոխություններ չեմ ակնկալում այս գործընթացից ներկայիս փուլում։ Ինչպես տեսանք, կողմերն էլ բավականին սուղ տեղեկություններ տարածեցին հանդիպման մասին, ըստ էության, ոչ մի մանրամասն չհայտնող և որևէ կարևորություն չտվող։ Ադրբեջանը հասկանում է, որ այն, ինչ հակամարտությունից ցանկանում է, չի կարող ստանալ բանակցային ճանապարհով, ուստի կամ պետք է հրաժարվի այդ պահանջներից և գնա բանակցային լուծման կամ պատերազմական ճանապարհով, որից չի հրաժարվել, սա իմ համոզմունքն է։ Ադրբեջանը փորձում է ժամանակ շահել, տեսնել, թե ինչպես են իրադարձությունները զարգանում թե հակամարտող երկրներում, թե՛ տարածաշրջանում և աշխարհում։ Այսօր Ադրբեջանն էլ իր ներքին խնդիրներն ունի և ներքաղաքական, և տնտեսական  ու տարածաշրջանային, դժվար է պատկերացնել, որ հենց այս պահին պատերազմի սցենարը ձեռնտու է։ Մինչ համավարակի ավարտը, կարծում եմ, կփորձեն  պահպանել հարաբերական կայունությունը»,- ասաց Եվսեևը։

Նրա խոսքով, համավարակի պայմաններում ռազմական գործողություններ պատկերացնելը չափազանց դժվար ու վտանգավոր բան է։

«Որևէ բան բացառել պետք չէ, բայց կարծում եմ՝ դա բավականին խնդրահարույց սցենար է, որից խուսափում են կողմերը, հենց այդ պատճառով էլ, ամենայն հավանականությամբ, գործում է ուղիղ կապը և ակտիվ միտումներ չկան, այս պահին ստատուս-քվոն ընդհանուր առմամբ փոխել ոչ մի կողմ չի ցանկանում»,- ասաց Եվսեևը։

Տեսանյութեր

Լրահոս