«Պոլսո հունաց պատրիարքը չափն անցել է». Թուրք ազգայնական գործիչ
Թուրքիայի «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցություն գլխավոր քարտուղար Իսմեթ Բյույուքաթամանը անդրադարձել է Կ․ Պոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու վերաբերյալ քննադատություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Նշենք, որ նախօրեին ուղղափառ էկումենիկ առաջնորդը նշել էր, որ Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է շարունակի պահպանել թանգարանի կարգավիճակը։
Բյույուքաթամանը Twitter-ում գրել է․
«Քանի որ (պատրիարքը) չի կարողացել ասել, որ Սուրբ Սոֆիան եկեղեցու վերածվի․ ասել է՝ Այա Սոֆիան 900 տարի ծառայել է քրիստոնյաներին և 500 տարի էլ մուսուլմաններին, ուստի, պետք է պահպանի թանգարանի կարգավիճակը։ Բարդուղիմեոսը բացի պարզ մաթեմատիկական սխալից, նաև տրամաբանական մեծ սխալ է անում»։
Ազգայնական գործիչը պնդել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը Պոլսի գրավումից հետո թուրքացվել է և Ստամբուլի թուրք-իսլամական կարևոր կառույցներից է համարվում։
Նա, այնուհետև, անդրադառնալով պատրիարքի՝ տաճարը մզկիթի վերածելու դեպքում աշխարհում միլիոնավոր քրիստոնյաների մոտ հակաիսլամական տրամադրություններ առաջանալու մասին դիտարկմանը, վիրավորել է քրիստոնյաների կրոնական արժեքները։
Բյույուքաթամանը պնդել է, որ պատրիարքն իր տողատակային հայտարարություններով «չափն անցել է»։
Նա կոչ է արել պատրիարքին, որ «իր մտահոգությունները հայտնի աշխարհում, մասնավորապես Հունաստանում իսլամական կառույցների շուրջ, որոնք ոչնչանում են»։