Հայկական ԱԷԿ-ը 65 օրով անջատվել է էներգահամակարգից` պլանային կանխարգելիչ վերանորոգման նպատակով
Հայկական ԱԷԿ-ը 65 օրով անջատվել է էներգահամակարգից։
Միջոցառումներն իրականացվում են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման եւ արդիականացման շրջանակներում՝ կայանի արդյունավետությունն ու հուսալիությունը բարձրացնելու նպատակով, հայտնել են «Ռոսատոմ Արեւելյան Եվրոպա» ընկերությունից:
Հայկական ԱԷԿ-ը պլանային կանխարգելիչ վերանորոգումը համատեղում է կայանի արդիականացման եւ անվտանգության հետագա բարձրացման հետ, քանի որ աշխատանքների մեծ մասը հնարավոր է իրականացնել միայն բլոկի կանգնեցման պայմաններում:
«Ֆիզիկապես բոլոր հիմնական գործողությունները կկատարենք 2021 թվականին, ընթացիկ տարին օգտագործվելու է ռեակտորի ակտիվ գոտու հովացման վթարային համակարգի արդիականացման նախապատրաստման եւ ռեակտորի կորպուսի մետաղի վերականգնողական թրծման համար, ինչը թույլ կտա 80-85% վերականգնել ռեակտորի մետաղական ծածկոցի ելակետային բնութագրերը: Սա կարեւոր գիտատար աշխատանք է կայանի անվտանգության աստիճանի բարձրացման համար », – ասել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:
2019 թվականին անցկացվել են աշխատանքներ ռեակտորի արտադրամասում, իրականացվել է մեքենայական արտադրամասի սարքավորումների համապարփակ արդիականացում եւ փոխարինում, ավարտվել է համակարգերի եւ սարքավորումների նախագծումը, հետազոտվել է ռեակտորի իրանը: