«Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանն անհաղթահարելի խոչընդոտներ էին ալիևյան կլանի համար». Դավիթ Ջամալյան

Ադրբեջանի նախագահն օրերս հերթական հակահայ հայտարարությունն արեց՝ անդրադառնալով Հայաստանի նախորդ և ներկայիս իշխանություններին, որին հաջորդեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը, որ Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով: Նիկոլ Փաշինյանն էլ իր մամուլի խոսնակի միջոցով պատասխանեց ոչ թե Ալիևին, այլ, ըստ էության, Սերժ Սարգսյանին:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ էին համարժեք Հայաստանի նախորդ և ներկայիս ղեկավարների պատասխանները Ալիևի հայտարարությանը, և ո՞ւմ էր ուղղված Ադրբեջանի նախագահի հայտարարությունը:

«Այն, որ Ադրբեջանի նախագահի խնդիրը եղել է, կա, լինելու է Հայաստանի Հանրապետության՝ որպես միջազգային սուբյեկտի վարկաբեկումը, և ըստ այդմ՝ թե՛ Արցախի, թե՛ ՀՀ դեմ հնարավոր ագրեսիան լեգիտիմ դարձնելը, սա ակնհայտ փաստ է: Բայց հավանաբար, դուք նույնպես նկատած կլինեք, որ, եթե շատ մեղմ արտահայտվենք՝ կա բովանդակային նմանություն Ալիևի հայտարարությունների և վերջին 2 տարիներին Փաշինյանի արած հայտարարությունների միջև: Տպավորություն է ստեղծվում, որ Ալիևը հիմնվում է այն ամենի վրա, ինչ իրեն թույլ է տվել արտահայտվել ՀՀ վարչապետը: Եթե պետության գլուխ հանդիսացողը չի պատկերացնում, որ ներքաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ինչ պետք է ասել, իսկ ինչ՝ ոչ, և ասում է մի բան, որը հետագայում կարող է օգտագործվել մեր երկրի դեմ, մենք ուրեմն գործ ունենք քաղաքական, բարոյական տհասության և պետական մտածողության բացակայության հետ»,- ի պատասխան՝ ասաց ռազմական փորձագետը՝ ընդգծելով՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի գործունեության մեջ ադեկվատություն որոնելն անիմաստ զբաղմունք է:

«Ալիևի հայտարարության հասցեատերը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էին, որին Սերժ Սարգսյանը պատասխանեց շատ դիպուկ, ընդ որում՝ հատուկ ուզում եմ ընդգծել Սերժ Սարգսյանի հայտարարության վերջին հատվածը, որ չկարծեք, թե այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լինելու է տևական, սա վայրիվերումների փուլ է, որը շատ շուտով ավարտվելու է, և երբ պետականամետ ուժերը վերադառնան պետության գլուխ, այդ ժամանակ էլի Ալիևին պարտադրվելու են այն խաղի կանոնները, որը պարտադրվում էր մինչ այդ հեղափոխություն կոչեցյալը»,- նկատեց նա:

Հարցին՝ Հայաստանի նախորդ ղեկավարներն ինչպե՞ս էին աշխատում Ալիևների հետ, ի՞նչ դիրքերից էին հանդես գալիս, նա պատասխանեց.

«Ալիևների հետ նախկինում աշխատում էին մարդիկ, ովքեր ունեին հաղթողի հոգեբանություն, ովքեր գիտեին ռազմական հաղթանակի, թուրքին, նաև՝ Ալիևներին հաղթելու բանաձևը և հաղթողի կարգավիճակով բանակցում էին Հեյդար Ալիևի, ապա՝ Իլհամ Ալիևի հետ: Հաղթողի աուրան շատ կարևոր է. երբ դու հոգեբանական գերազանցություն ունես քո հակառակորդի հանդեպ, քեզ ինչ-որ բան պարտադրելն անհնարին է: Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանն անհաղթահարելի խոչընդոտներ էին ալիևյան կլանի համար: Հատկապես ապրիլյան մարտական գործողություններից հետո խաղի կանոններ էին պարտադրվում Ալիևին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս