Հրատապ մեկ անձից գնում՝ Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի համար
Կառավարությունը հերթական որոշումն է ընդունել մեկ անձից գնման գործընթաց կազմակերպելու մասին. այս անգամ մեկ անձից գնում կիրականացնի Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Եվ այսպես՝ Կառավարությունը թույլատրել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին իր կարիքների համար «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ մեկ անձից գնում կատարել միջազգային, ներքաղաքական, տնտեսական, ռազմական և անվտանգության թեմաներով օտարերկրյա և միջազգային ամսագրերի, տարեկան զեկույցների և ընթացիկ հետազոտությունների, տարբեր տեղեկատվական հարթակներից օգտագործվող էլեկտրոնային ծառայությունների, տեղեկատվական հարթակներում հակահայկական տեղեկատվության դեմ պայքարի ու պատասխան քայլերի ձեռնարկման ծառայությունների ձեռքբերման ընթացակարգեր կազմակերպելու համար։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ներկայացրած նախագծի վերաբերյալ, սակայն, առարկություններ է ներկայացրել Ֆինանսների նախարարությունը։
Մասնավորապես՝ նախարարությունից նշել են, որ վարչապետի աշխատակազմի ներկայացրած նախագծում բացակայում է այն հիմնավորումը, ըստ որի՝ անհրաժեշտ է գնումն իրականացնել մեկ անձից։
Նախարարության առաջարկության մեջ նշված է, որ մեկ անձից գնում կատարվում է, եթե արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, սակայն Կառավարության աշխատակազմի ներկայացրած նախագծում այդ անհետաձգելի պահանջը ներկայացված չէ։
Չնայած նախարարության ներկայացրած առարկությանը, նախագիծը վերախմբագրվել է և ընդունվել գործադիրի կողմից։
Ի դեպ, վարչապետի աշխատակազմի ներկայացրած հիմնավորման մեջ նշված է, որ հեղինակավոր միջազգային լրատվականներին և էլեկտրոնային վերլուծական ամսագրերին բաժանորդագրությունը թույլ կտա մի կողմից՝ արձանագրել տվյալ լրատվականներում և էլեկտրոնային ամսագրերում Հայաստանին ուղղակի կամ անուղղակի կատարվող անդրադարձը, մյուս կողմից` ՊՈԱԿ-ի աշխատակիցներին հնարավորություն կտա ծանոթանալ միջազգային հեղինակավոր փորձագետների վերլուծություններին, ինչը կնպաստի նրանց վերլուծական կարողությունների զարգացմանը։
Բաժանորդագրության համար նպատակահարմար են համարել հետևյալ միջազգային լրատվականները և էլեկտրոնային վերլուծական ամսագրերը՝
Stockholm International Peace Research Institute (SIPRI)
Foreign Affairs – Digital Subscription
Foreign Policy – Insider, all access
Jane’s International Defence Review
The National Interest
International Institute for Strategic Studies
Центр анализа мировой торговли оружием (ЦАМТО)
Time magazine
The atlantic
The New York Times
The Washington Post