«Վահե Գրիգորյանին պետք է պատասխանատվության ենթարկեին». Արմեն Գալստյան

«Հակասահմանադրական պրոցես է սկսվել արդեն վաղուց, և այդ պրոցեսը շարունակվում է». ՍԴ-ի առջև լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական չեղարկված հանրաքվեի քարոզարշավի ժամանակ «Ոչ»-ի ճամբարից հանդես եկող իրավապաշտպան Արմեն Գալստյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե եթե տեղի ունեցող գործընթացները հակաիրավական են, ապա արդյոք հետագայում կարո՞ղ է Սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկած 89 պատգամավորներին պատասխանատվություն սպառնալ:

«Քննչական մարմինները ապագայում կտան իրենց գնահատականները: Պատգամավորները փորձելու են և անելու են, իրավաչափորեն իրենք այդ պաշտպանության միջոցներն ունենալու են, որ պաշտպանվեն պատգամավորական անձեռնմխելիությամբ և իրենց կարծիքն արտահայտելու ազատությամբ: Իմ կարծիքով՝ այս պահին դրա մասին խոսելը մի փոքր վաղ է, ուղղակի  յուրաքանչյուր պատգամավոր պետք է իր պատասխանատվության աստիճանը զգա և հասկանա, որ ամեն դեպքում իր գործողությունները որոշակի իրավական հետաևանքներ են ենթադրում, և դրանց մասին մտածեին իրենց գործողությունը կատարելիս: Կարծում եմ, որ իրենք դա հստակ հասկացել են, իսկ այն հանցագործությունը, որի մասին խոսում ենք, դիտավորյալ հանցագործություն է, ինչը դժվար չի լինելու ապացուցել»,- ասաց Գալստյանը:

Իրավապաշտպանը նշեց, որ անկախ այն հանգամանքից, որ սահմանադրական փոփոխություններն անմիջականորեն առնչվում էին ՍԴ դատավորներին, ԱԺ-ն պետք է այն ուղարկեր ՍԴ, ապա հետո քննարկեր նրանց օբյեկտիվ լինել-չլինելու հանգամանքը: Գալստյանը կարծիք հայտնեց, որ միգուցե այդ ժամանակ ՍԴ դատավորները, որոնց վերաբերելու էր այդ հարցը, իրենք որոշեին չմասնակցել քննարկմանը, կամ ԱԺ-ն դիմեր Վենետիկի հանձնաժողովին խորհրդատվական կարծիք ստանալու համար, թե արդյոք կարո՞ղ են այդ դատավորները մասնակցել քննարկմանը:  Իրավապաշտպանն ասաց, որ հետևել է Վահե Գրիգորյանի առավոտյան հարցազրույցին և կարծում է, որ նա ակնհայտորեն ոչ ճիշտ մեկնաբանություններ է տալիս, դիմում է մանիպուլյացիաների:

«Ես դիտում էի Վահե Գրիգորյանի հարցազրույցը և բավական վրդովված էի, որ նա մինչև այսօր պատասխանատվության չի ենթարկվել մեկ տարի նիստերին չմասնակցելու համար: Իր հիմնավորումներն իր սուբյեկտիվ խնդիրն են: Ես ՍԴ-ին մեղադրում եմ սկզբունքայնության մեջ, վրդովված եմ, որովհետև նրանք ունենալով ընթացակարգը՝ չեն ենթարկել պատասխանատվության: Վահե Գրիգորյանն ասաց, որ եթե նրանք ինչ-որ բան էին ուզում անել, պետք է ինձ պատասխանատվության ենթարկեին: Ես, այո, գտնում եմ, որ պետք է Վահե Գրիգորյանին պատասխանատվության ենթարկեին»,- ասաց իրավապաշտպանը:

Արմեն Գալստյանն անդրադարձավ նաև վարչապետի՝ ֆեյսբուքյան  էջում գիշերն արված հետևյալ գրառմանը.

«Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ։Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։ Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը և առաջնորդվել ըստ այդմ»։

«Ես չէի զարմանա, եթե մի քանի օր հետո որոշում կայացվեր, որ պարզապես վարչապետի ֆեյսբուքյան գրառումներն են իրավական ուժ ստանում, և դրանք են պաշտոնական հրապարկումները, և այսուհետ պետք է դրանցով առաջնորդվենք»,- ասաց Գալստյանը և ավելացրեց, որ տեղի ունեցողը ոչ մի կերպ չի տեղավորվում իրավաբանություն կոչվածի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս