«Խայտառակ վիճակ է, քաոս». Մարությանը դժգոհ է Քաղաքապետարանի կատարած աշխատանքից
Հունիսի 24-ին Երևանի ավագանու նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը ՀԷՑ-ի ենթակայանին տարածք հատկացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ հարց բարձրացրեց, որ կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները, այդ թվում՝ ՀԷՑ-ը, Վեոլիա ջուրը, նորոգումների ժամանակ փողոցներում, բակերում հետագծեր են փորում, բայց անվտանգության պատնեշներ և լուսավորություն պատշաճ չեն դնում, չեն պահվում ժամկետները:
«Կարծում եմ, որ մենք պետք է ավելի խիստ մոտենանք այս հարցերին, որովհետև ուղղակի անթույլատրելի է, որ քաղաքի մեջտեղում բացվում են փոսեր, փոշի, ընդամենը ժապավենով կապված եզրերը, որոնք քամին շուռ է տալիս, փնթի վիճակ, և օրերով: Այն դեպքը, որի մասին խոսում եմ, 10 օր հետո անցել եմ, վիճակը նույնն էր, այսօրվա դրությամբ դեռ վստահ չեմ, եթե լինի, կլինի արդեն երկու շաբաթ»,- ասաց ավագանու անդամը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ քննարկման փուլում հարցը շատ պարզ է թվում, բայց երբ հերթը հասնում է իրագործմանը, դա բավականին բարդ է, քանի որ չկա համապատասխան օրենսդրական բազա, օրինակ՝ տուգանելու հնարավորության մասին: Քաղաքապետն ասաց, որ այս խնդիրն ունի նաև հենց Քաղաքապետարանը: Նա նշեց, որ նման բաներ ինքն անձամբ է նկատել:
«Հիմա եզրաքարերի փոփոխություն է գնում: Ես այն օրը Մերգելյանի մոտից իջնում էի դեպի մետրո Բարեկամություն, դա մենք ենք, չէ՞, անում, կա՛մ վարչական շրջանը, կա՛մ մենք, կարևոր չի հիմա, դա մի մարմին է, խայտառակ վիճակ է, ավազը տեղափոխվել է արդեն փողոցի մեջտեղ, շեբենը տեղափոխվել է մի այլ տեղ, եզրաքարերը ինչ-որ շարել են… քաոս: Չկան արգելափակող նշաններ… այն, ինչ ես տեսա այնտեղ… ՀԷՑ-ը և Վեոլիան ավելի որակով են սպասարկում»,- ասաց Մարությանը:
Նա նաև նշեց, որ խնդրին դեռ չի հասցրել անդրադառնալ, քանի որ օրն այսօր էր, իսկ այսօր էլ ավագանու նիստ է: