«Այս երկու իրադարձություններն էլ եղան երեկ, երբ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կարևոր որոշում ուներ կատարելու». Խաժակյանը՝ իրենց հարցաքննությունների կանչելու մասին
Այսօր ավագանու նիստի ընթացքում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պատմեց, որ իր ծառայողական մեքենայի վարորդին կանչել են 6-րդ վարչություն հարցաքննության: Նրա խոսքով՝ դրա համար հիմք են հանդիսացել Ոստիկանության կողմից արված նկարները, որտեղ Խաժակյանն ինքն է վարում իր ծառայողական մեքենան:
«Ուղղել են հարցեր, որոնց ենթատեքստը մոտավորապես այն է, որ նա ֆիկտիվ գրանցված է, և, ընդ որում, այնտեղ են բերել վերջինի կնոջը, որպեսզի ասի, որ իր ամուսինն աշխատում է Երևանի քաղաքապետարանում, Դավիթ Խաժակյանի ղեկավարությամբ, ինչն այդպես է: Այսօր ինձ եկավ ծանուցագիր, որ ինձ ներգրավել են՝ որպես վկա: Երեկ էլ ստացել էի այլ ծանուցում, այլ քրեական գործի մասին, որտեղ նույնպես որպես վկա եմ»,- ասաց Խաժակյանը:
Ավագանու անդամն այս ամենը քաղաքական հետապնդում որակեց: Հարցին, թե իր ո՞ր գործունեության համար է քաղաքական հետապնդման ենթարկվում, քաղաքապետին քննադատելո՞ւ, Խաժակյանն արձագանքեց.
«Կարծում եմ, որ խնդիրն ավելի խորն է և կապված է վարչապետի պաշտոնը զբաղեցնող, ընդդիմադիրի կարգավիճակից դեռ դուրս չեկած Նիկոլ Փաշինյանի հետ: Հատկանշական է, որ այդ երկու իրադարձություններն էլ եղան երեկ, երբ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կարևոր որոշում ուներ կատարելու, երկու կողմից փորձեցին հարված հասցնել: Որևէ հիմնավորում այդ գործը չի կարող ունենալ: Մանրամասնորեն չեմ ծանոթացել գործի նյութերին, բայց փաստարկները հասկանալով՝ սա իրավական անգրագիտության գագաթնակետն եմ համարում և շատ կասկածում եմ, որ գործը կհասնի դատարան, բայց այն, որ դա քաղաքական ճնշում իրականացնելու միջոց է, կարծում եմ՝ միանշանակ է»:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ մայրաքաղաքում եղած բոլոր խնդիրները սրվել են.
«Ես չգիտեմ այդպիսի ոլորտ, որտեղ խնդիրը սրված չլինի: Կարանտինի մեկնարկից այս կողմ քաղաքապետի հիմնական աշխատանքն ամփոփվում, սահմանափակվում է այսպիսի հրապարակային գործունեությամբ, ինչից հետո նա միանգամից անցնում է ընդհատակ: Ես չեմ կարծում, որ քաղաքապետը, բառի բովանդակային, բուն իմաստով՝ այս պահին իրավունք ունի՝ որպես այդպիսին կոչվելու: Ձևական իմաստով նա զբաղեցնում է այդ պաշտոնը, բայց բովանդակային առումով իր պարտականությունները չի կատարում»,- ասաց Խաժակյանը: