«Արդյոք Հայաստանն ունենալո՞ւ է ազգային անվտանգության խնդիր, երբ համավարակով պայմանավորված սկսել է ծախսել պահուստները». Թագուհի Թովմասյանը՝ փոխնախարար Արմեն Հայրապետյանին

Ազգային ժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, որի շրջանակներում Կառավարությունը դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ Հայաստանի Հանրապետությանը Պահուստային ծրագրի ներքո 231․656 միլիոն ՀՓԻ-ին համարժեք բյուջետային աջակցության վարկ տրամադրելու նպատակով:

Զեկուցող ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց այն մասին, թե ի՞նչ պատասխան ունի կառավարությունն այն քննադատություններին, որ համավարակով պայմանավորված՝ մենք արդեն սկսել ենք ծախսել պահուստային ֆոնդից և շուտով ունենալու ենք ազգային անվտանգության խնդիր:

«Արդյո՞ք Հայաստանը կանգնած է այդքան ծայրահեղ խնդրի առջև, և ունենալո՞ւ ենք ազգային անվտանգության խնդիր»,- հարցրեց ԱԺ պատգամավորը:

Ի պատասխան՝ ֆինանսների փոխնախարարը նշեց, որ ինքն ազգային անվտանգության խնդիր չի տեսնում:

«Մենք հետևողական աշխատում ենք և բոլոր գնահատումները տարբեր սցենարներով անցկացնում ենք, որպեսզի հասկանանք՝ ֆինանսական կայունությունը երկրում որքանո՞վ է ապահովված: Եվ եթե որևէ ռիսկ տեսնենք, մենք, բնականաբար, այս ուղղությամբ քայլեր կանենք: Եթե Ձեր նշած խնդրում նկատի ունեք ֆիսկալ անկայունության, բյուջետային ռեսուրսների անբավարարության պայմաններում անվտանգության խնդիրը, ես նման խնդիր չեմ տեսնում»,- ասաց Արմեն Հայրապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս