«Վենետիկի հանձնաժողովի հետ ոչ թե անձնական կապերն օգտագործելով ենք աշխատում, այլ ինստիտուցիոնալ և գործընկերային ձևով». Հովհաննես Իգիթյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը վստահեցնում է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ կոմունիկացիան արդեն տեղի է ունենում մի քանի ամիս: Այդ ամենի հետևանքով էլ իշխող թիմը եկել է այն եզրակացության, որ այն նախաձեռնությունը, որը ներկայացրել են, առավել մոտ է այն տեսակետներին, որը խորհրդատվական ձևով ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովը:

«Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես է ստեղծվել Վենետիկի հանձնաժողովը, այն ժամանակ, երբ նոր էր ստեղծվել, ես  եղել եմ Վենետիկի հանձնաժողովի կոմունիկացիայի փուլում՝ 1995  թվականի մեր Սահմանադրության հետ կապված: Այն ժամանակ Վենետիկի հանձնաժողովը մեր հարցերին պատասխաններ չուներ, նրա ամեն մի պատասխանը գալիս է նախադեպային ձևով: Վենետիկի հանձնաժողովն իր զինանոցի մեջ չուներ պատասխաններ, այնպիսի իրավիճակի, ինչպիսին առկա է մեզ մոտ: Այդպես էլ, օրինակ, չուներ պատասխան Մոլդովայի հետ կապված, որի նախադեպն այսօր Վենետիկի հանձնաժողովն օգտագործում է  այլ երկրների համար»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հովհաննես Իգիթյանը:

Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հայտարարությանն առ այն, որ Վենետիկի հանձնաժողովի տեսակետները պետք է անպայման հաշվի առնելով Հայաստանում լուծվի սահմանադրական ճգնաժամը՝ 2015  թվականի Սահմանադրության դրույթների կատարմամբ, Հովհաննես Իգիթյանն ասաց, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն ասում է, որ առաջին հերթին պետք է համագործակցեն Վենետիկի հանձնաժողովի հետ, ինչն էլ իրենք անում են:

«Շատ դժվար է հասկանալ՝ այդ անցումային փուլը որքան ժամանակ պետք է տևի, 2015  թվականի Սահմանադրության հեղինակները նախատեսել էին երկու տարի, որն արդեն տևում է հինգ տարի: Եթե մենք չմիջամտեինք, ապա այդ անցումային փուլը տևելու էր մինչև 2040 թվականը, այսինքն՝ ես չէի տեսնելու մեր երկրի արհեստավարժ, ժողովրդի կողմից վստահություն վայելող սահմանադրություն: Անցումային փուլը չի կարող լինել 30  տարի»,- հավելեց նա:

Ըստ նրա՝ այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված Սահմանադրական դատարանի վերաբերյալ https://168.am/2020/06/22/1323133.html  նախագիծը լիովին համապատասխանում է Սահմանադրությանը:

Նա նաև հավելեց, որ փետրվարին իշխող ուժը չի ասել, որ անհնար է ՍԴ հարցը լուծել ԱԺ-ի միջոցով, պարզապես ասել է, որ լավագույն տարբերակը կլիներ, երբ հասարակության հետ միասին հարցը լուծեին:

«Ես կարծում եմ, որ մեր համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ ստացվում է, անկախ այն հանգամանքից, որ ժամանակին այնտեղ մարդիկ են մտել, որոնք այնտեղ չպետք է լինեին: Մենք Վենետիկի հանձնաժողովի հետ ոչ թե անձնական կապերն օգտագործելով ենք աշխատում, չնայած մեր կապերը պակաս մտերիմ չեն, այլ ինստիտուցիոնալ և գործընկերային ձևով»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս