Արցախի նախագահն «իջավ» իր բարձունքից

Վերջին երկու տարվա ընթացքում հաճախ ենք հանդիպում տարբեր գործիչների «ռեբրենդինգի»․ երբեմնի մոլի  պահպանողական ու ազգային արժեքների հետևորդ գործիչը շատ «կազմակերպված» դառնում է Նիկոլ Փաշինյանի «սրտի գործիչ»։ Նման իրադարձության ականատես եղանք Արցախի նորընտիր նախագահի կողմից։

Օրերս ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրայինի եթերում հայտարարել էր, որ այսօր Արցախի երկինքն ամբողջությամբ պաշտպանված է։ «Ես չեմ ուզում անդրադառնալ այն մարդկանց, որոնք փորձում են ամեն ինչ սևացնել կամ քննադատել, այդ թվում՝ ձեռք բերված զենքի հետ կապված` անվանելով հին, հնամաշ, չաշխատող: 2016 թվականին մենք կերազեինք, որ այդ նույն զենքից ունենայինք»,- նշել է նա։

Թեմայի հետ կապված՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բավականին կոշտ արձագանքել էր՝ նշելով. «Եթե բանակում այսօր ինչ-որ բան բարելավվել է, ինչ-որ բան ավելի լավ է, քան երեկ էր, ես միայն ուրախ եմ և երբեք ու երբեք ցեխ չեմ շպրտի հայոց բանակի վրա, կասկածի տակ չեմ դնի նրա պաշտպանունակությունը, ինչպիսին էլ լինեն օրվա քաղաքական իշխանությունների ցանկությունները կամ քմահաճույքները: Եթե 2016 թվականին Արցախի օդային տարածքը պաշտպանված չի եղել, այդ ինչպե՞ս է պաշտպանության բանակը խոցել հակառակորդի 20 թռչող սարք, 2 ուղղաթիռ, ինչպե՞ս է, որ հակառակորդի ոչ մի ինքնաթիռ այդ ժամանակ չի հատել Արցախի օդային սահմանը: Ամեն ինչ արդեն անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը: Խոցելին հենց այս սահմանն է, և ոչ երբեք՝ Արցախի օդային սահմանը»:

Ակնհայտորեն Արցախի նախագահն իր հայտարարությամբ փորձում է բացահայտ մտնել քաղաքական գործընթացի մեջ, որն իրականում իր տիրույթում չի գտնվում, քանի որ, որպես կանոն, Արցախի նախագահին այլ դերակատարություն էր վերապահված։ Նախկինում՝ նմանօրինակ իրավիճակներում, նախագահը մի յուրահատուկ խաղաղության սիմվոլի դերակատարություն էր իրականացնում՝ տեղի ունեցող քննարկումների ու կարիծիքների հետ կապված հստակ անաչառ ու կշռադատված գնահատական հնչեցնելով։

Կասկածից վեր է, որ Հարությունյանի կողմից արված արտահայտության արմատները հասնում են մինչև Երևան, և Նիկոլ Փաշինյանին սիրաշահելու և նրան իր քաղաքական հավատարմության երդումն էլ ավելի վերահաստատելու նպատակով Արցախի նորընտիր նախագահը նման անհավասարակշիռ ու չհիմնավորված գնահատականներ է հնչեցրել։

Ի՞նչ է ստացվում այս գործընթացից հետո։

Իշխանության ղեկը ստանձնելուց հետո նիկոլ Փաշինյանը քանիցս ակնարկել է «հեղափոխությունն Արցախ տեղափոխելու» մասին, երկու տարիների ընթացքում  յուրաքանչյուր առիթի դեպքում Փաշինյանն անուղղակիորեն թիրախավորում էր արցախյան իշխանություններին՝ այս կամ այն դրվագում մեղավոր «նշանակելով»։ Հիմնական քննադատության առիթը հանդիսանում էր այն, որ նա փորձում էր Արցախի նախկին իշխանություններին ուղղակիորեն ասոցիացնել ՀՀ նախկին ղեկավարության հետ, և այդ ֆոնին հասարակության մոտ որոշակի ատելության և անվստահության քող ապահովելու համար։

Փաշինյանի քաղաքականության թիրախում բոլորս ենք նկատել գեներալիտետի և բանակի ներկայացուցիչների նկատմամբ ունեցած ակնհայտ բացասական վերաբերմունքը։ Նա իր բանավոր խոսքում քանիցս տարբեր պիտակավորումներ է հնչեցրել բանակի և բանակաշինության մեջ առանցքային դերակատարում ունեցած անձանց նկատմամբ։

Այսօր արդեն բոլորս ականատես եղանք, թե ինչպես է Փաշինյանը՝ Արայիկ Հարությունյանի ձեռամբ, վարկաբեկում զինված ուժերը։

Արմեն Հովասափյան

ՀԳ Այսօր հայաստանյան քաղաքական, հասարակական գործիչների գերակշիռ հատվածին լսելիս և կարդալիս շարունակում ես զարմանալ, թե ինչպես մարդը կարող է բացարձակապես զուրկ լինել նախկինում իր իսկ հռչակած, իբր դավանած սկզբունքներից։ Ժողովրդավարության ու իրավական պետության մասին անընդհատ թմբկահարողներն այսօր հայհոյում են ոչ իշխանահաճո որոշումներ կատարող դատավորներին, միաժամանակ ծափահարում նախկինում և ներկայում պատվիրված դատական ակտեր դակող դատավորներին, ինչպես նաև քրեական գործեր հարուցող քննիչներին և դատախազներին։

Տեսանյութեր

Լրահոս