«Վոլքան Բոզքըրը նոր խոչընդոտներ ու խնդիր է ստեղծելու Հայաստանի ու նրա արտաքին քաղաքականության համար». Թուրքագետ

Հունիսի 17-ին Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Վոլքան Բոզքըրն ընտրվել է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբելայի 75-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում։ Նա այդ պաշտոնը կզբաղեցնի մեկ տարով՝ այս տարվա սեպտեմբերի 15-ից՝ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ը։

Նշենք, որ Վոլքան Բոզքըրը մինչ այս պաշտոնում ընտրվելը եղել է Թուրքիայի խորհրդարանի Միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ, նաև Թուրքիայի Եվրամիության գործերով նախարար։

Ինչպես նշում են բազմաթիվ փորձագետներ, նա միշտ աչքի է ընկել հակահայկական գործունեությամբ, այդ թվում՝ Արցախի հարցի վերաբերյալ։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն նշեց, որ Վոլքան Բոզքըրը երբեք չի թացրել իր հակահայկական տրամադրությունները և ակտիվորեն լծված է հակահայկական, հակահայաստանյան քաղաքականության մեջ։

«Անկախ իրենց քաղաքական կողմնորոշումից՝ թուրք դիվանագետները, թուրք տարբեր պաշտոնյաները, երբ զբաղեցնում են պատասխանատու պոստ, անպայմանորեն այն օգտագործում են  Թուրքիայի և Ադրբեջանի շահերի համար։ Չնայած նրանց գործառույթների մեջ գուցե ամրագրված է, որ պետք է լինեն անկողմնակալ, բայց տարբեր պաշտոնյաներ իրենց գործունեության ընթացքում իրականացնում են բացահայտ հակահայկական քաղաքականություն։ Թուրքիայի այսօրվա արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, որ տարիներ առաջ միջազգային հարթակներում նույնպես կարևոր պաշտոն էր զբաղեցնում, այդ պաշտոնն օգտագործում էր հակահայկական քաղաքականության համար»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ նրա՝ Վոլքան Բոզքըրի ընտրությությամբ միանշանակ կարելի է սպասել, որ կլինեն հակահայկական քայլեր, և սա հերթական վտանգներից է՝ չքողարկված վտանգներից, որը ծառացել է Հայաստանի ու նրա արտաքին քաղաքականության առաջ։

«Կարծում եմ՝  Վոլքան Բոզքըրը նոր խոչընդոտներ ու խնդիր է ստեղծելու Հայաստանի  ու նրա արտաքին քաղաքականության համար։ Այս ամենը ևս մեկ անգամ մեզ պետք է դրդի, որպեսզի էլ ավելի զգոն լինենք և մեր երկրի շահերից բխող առաջնահերությունները փորձենք ավելի ճիշտ ներկայացնել միջազգային հարթակներում։ Նաև՝ հետևել կուլիսային գործընթացներին, որոնց արդյունքում տեղի են ունենում նման դեպքեր, և նման պատասխանատու պաշտոններ տրվում են ակնհայտ կողմնակալ անձանց»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։

Հարցին՝ հայկական կողմը զգո՞ն է, հետևո՞ւմ է կուլիսային գործընթացներին, թուրքագետը պատասխանեց, որ այդ ամենն անելու համար պահանջվում է պրոֆեսիոնալիզմ, ցանցային աշխատանք, մեծ աշխատանքներ տարբեր կառույցների միջև։

«Այս պահին ես չեմ տեսնում նման համակարգված աշխատանք։ Ինչպես տարբեր ոլորտներում, այդ ոլորտում, արտաքին քաղաքականության մեջ, խորհրդարանական դիվանագիտության, միջազգային տարբեր կառույցներում մեր աշխատանքների մեջ տեսնում եմ դիլետանտիզմի դրսևորումներ, ոչ համակարգված աշխատանք, որը բերում է տարբեր հետևանքների։ Նման հետևանքների է բերում, քանի որ այդ կառույցներում և միջազգային հարթակներում աշխատանքն իր խաղի կանոններն ունի։ Կարծում եմ՝ զգոնություն ասելով՝ նկատի ունեմ նաև այն, որ այս հարցերում  մենք կարողանանք աշխատել՝ հաշվի չառնելով քաղաքական բաժանումները, գաղափարախոսական տարանջատումները, այլ միայն ու միայն առաջնորդվել Հայաստանի ու հայերի շահերով։ Պետք է հասկանանք, որ տարանջատումները և բաժանարար գծերը մեզ անընդհատ նոր փորձությունների և խնդիրների առաջ են կանգնեցնելու, ինչը մենք տեսնում ենք արտաքին քաղաքականության մեջ։

Վստահ եմ, որ այս նոր նշանակումն անպայմանորեն ունենալու է իր բացասական հետևանքները։ Մեզանից պահանջվելու է մեծ ջանքեր այդ ամենը կասեցնելու համար։ Գոնե դրանք կասեցնելու հարցում մեր համապատասխան օղակները պետք է աշխատեն բարձր պրոֆեսիոնալիզմով, եթե բավարար պրոֆեսիոնալիզմ չունեն, պետք է խորհրդակցեն կամ ներգրավեն պրոֆեսիոնալների և չառաջնորդվեն  ամենագետի կանխավարկածով»,- շեշտեց Ռուբեն Մելքոնյանը։

Հարցին՝ եթե նշված խնդիրները հաշվի առնելով՝  Հայաստանը քայլեր չձեռնարկի, արդյո՞ք փաստի առաջ չի կանգնի, հատկապես, երբ գործ ունի Թուրքիայի հետ,  Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց, որ Հայաստանը Թուրքիայի հետ չունի ուղիղ հարաբերություններ, սակայն սա այն դեպքն է, երբ, եթե Հայաստանը չի զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում նրանով։ Ինչը ենթադրում է, որ, եթե թեկուզ Թուրքիայի հետ ուղիղ հարաբերություններն այսօր  սառեցված են, դա չի նշանակում, որ Թուրքիան տարբեր մեթոդների միջոցով չի աշխատում ընդդեմ Հայաստանի և տարբեր միջազգային հարթակներ չի օգտագործում իր շահերի համար։

«Եթե մենք ունենք խնդիր, այսպես ասած, միջազգային խաղի կանոնները հասկանալու, մեր գործընկերների հետ մեր հարաբերությունները լավ մակարդակի պահպանելու և դա բարելավելու հարցում, բնական է, որ առաջանալու են տարատեսակ այլ խնդիրներ։ Բնական է նաև, որ Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի միջամտությամբ մեզ համար շարունակվելու է նորանոր խնդիրներ ծագել, չի բացառվում, որ այդ խնդիրները նաև ինչ-որ պահի վերաբերեն Հայաստանի հարաբերություններին ուղիղ առումով։ Առանց այդ էլ մեր հարաբերությունները պրոբլեմատիկ են, բայց կարող են ավելանալ նոր բաղադրիչներ։ Ընդհանուր առմամբ, երբ մենք նայում ենք մեր արտաքին քաղաքականությանը, ապա տեսնում ենք, որ տարբեր երկրների հետ մենք ունենում ենք լրջագույն խնդիրներ։

Նույնը Իրանի պարագայում կարող ենք ասել, երբ խորհրդարանի ամբիոնից մի անզգույշ հայտարարություն կարող է լարվածություն առաջացնել, նույնը՝ նաև այլ երկրների հետ կապված։ Ըստ իս, այստեղ, պրոֆեսիոնալիզմից բացի, ուրիշ որևէ գործիք՝ պոպուլիզմ, սին հայտարարություններ, ինչ-որ կեղծ հռետորաբանություն, չեն կարող լինել արդյունավետ և անպայմանորեն մեզ համար ստեղծելու են նորանոր խնդիրներ»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս