Մեկ ամիսն էլ բավարար չէր ԱՆ-ին՝ կարևոր հարցերին լիարժեք պատասխանելու համար
Կորոնավիրուսային վճարովի թեստավորման անթույլատրելիության մասին Առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց մեկ ամիս առաջ: Ըստ հայտարարության՝ վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, «քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ», և լաբորատորիաները կարող են գնել և կիրառել տարբեր զգայունություն և մասնահատկություն (սպեցիֆիկություն) ունեցող թեստ-հավաքածուներ՝ կասկածի տակ դնելով ստացված արդյունքների հավաստիությունը, բուժման ճիշտ մարտավարության ընտրությունը և արդյունավետությունը, ինչպես նաև անորոշություն առաջացնելով վարակի վերահսկմանն ուղղված հետագա միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցում։
Մեկ ամիս առաջ հարցում էինք ուղարկել Առողջապահության նախարարություն` խնդրելով տեղեկություն տրամադրել կորոնավիրուսի վճարովի թեստավորումն արգելելու ու դրան առնչվող մի քանի հարցերի վերաբերյալ:
Ի վերջո, երեկ՝ հունիսի 19-ին, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացանք մեր հարցման պատասխանը՝ թվագրված հունիսի 18-ով, որով բովանդակային պատասխան էր տրվել միայն հարցերի մի մասին:
Մեր հարցման 1-3 հարցերով Առողջապահության նախարարությանը խնդրել էինք պարզաբանել,
- Ինչո՞վ է պայմանավորված նախարարի ցուցումը՝ կորոնավիրուսային հետազոտություն իրականացնելու թույլտվությունից զրկել այն բժշկական կենտրոններին կամ լաբորատորիաներին, որոնք մինչ այդ իրականացրել են թեստավորում՝ այն դեպքում, երբ այդ կենտրոնները նախարարության կողմից ունեն լիցենզիա գործելու և հետազոտություններ իրականացնելու համար:
- Ինչո՞ւ նախարարությունը կորոնավիրուսային վճարովի թեստավորում իրականացնելու հարցում սկսել է չվստահել կորոնավիրուսի վճարովի թեստավորում իրականացնող կառույցներին՝ նշելով, որ «կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ»:
- Եթե նախարարությունը կորոնավիրուսային թեստավորում իրականացնելու հարցում չի վստահում բժշկական կենտրոններին ու լաբորատորիաներին, որոնց լիազորել է գործունեություն ծավալել, արդյո՞ք այդ կառույցներում իրականացվող մյուս թեստավորումները վստահելի են:
ՀՎԿԱԿ-ը՝ որպես պատասխան վերը նշված մեր հարցերի՝ գրել է, թե կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ լաբորատոր հետազոտությունն իրականացնելու վերաբերյալ որոշումները կայացվում են՝ ելնելով ՀՀ-ում COVID-19-ի տարածման մեծաքանակ դեպքերի առկայության պայմաններում լաբորատոր հետազոտությունների պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությունից: Պատասխանում գրված է նաև, որ COVID-19 ախտորոշման նպատակով, ՊՇՌ մեթոդով հետազոտություններ իրականացնելու համար ԲԿ-ները և լաբորատորիաները դիմում են ԱՆ՝ ներկայացնելով նախարարի՝ 2020 թվականի ապրիլի 27-ի թիվ 1361-Լ հրամանով սահմանված պահանջների ու չափորոշիչների վերաբերյալ տեղեկանք-հիմնավորում և այլ անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ կենտրոնների պայմանները գնահատելու համար նախարարի հրամանով ձևավորված մասնագիտական խումբն այցելում է կենտրոն, ինչի արդյունքում էլ կազմվում է մասնագիտական եզրակացություն:
Արձանագրենք, որ պատասխանում որևէ կերպ արձագանք չեն ստացել մեր ուղղած 2-րդ և 3-րդ հարցերը:
Մեր 4-րդ հարցին, որով խնդրել էինք նշել, թե արդյո՞ք նախարարությունը սահմանել է որոշակի բնորոշիչներ (զգայունություն, սպեցիֆիկություն), որոնց պետք է բավարարեն լաբորատորիայի կողմից ձեռք բերվող և կիրառվող թեստերը: Եթե այո, խնդրում ենք մանրամասնել, թե որոնք են այդ բնորոշիչները; Եթե ոչ, խնդրում ենք նշել, թե ինչո՞ւ է նախարարությունը նման որոշում կայացրել, մասնակի անդրադարձ է արվել:
Պատասխանում միայն նշված է, որ կորոնավիրուսի ախտորոշիչ թեստերը պետք է ունենան միջազգային ստանդարտներին համապատասխան բարձր զգայունություն և սպեցիֆիկություն:
Թե որոնք են այդ բնորոշիչները՝ նախարարությունը լռում է:
5-րդ հարցին, այն է՝ եթե մասնավոր լաբորատորիաներին նախարարությունն արգելում է կորոնավիրուսի թեստավորում անել, արդյո՞ք պետական լաբորատորիաները բավականաչափ թեստեր իրականացնելու հնարավորություն ունեն, պատասխանել են.
«Հանրապետությունը ապահովված է անհրաժեշտ և բավարար քանակությամբ ախտորոշիչ թեստերով»:
Պարզապես արձանագրենք, որ անգամ լրացուցիչ ժամանակը, որը ՀՎԿ ազգային կենտրոնին անհրաժեշտ էր եղել մեր հայցած տեղեկությունը տրամադրելու համար, հավանաբար չէր բավարարել նրանց՝ մեր բոլոր հարցերին բովանդակային ու սպառիչ պատասխաններ տալու համար: