Երկու կողմում էլ մենք ենք

«Լավ բան չի սպասվում»…  Վերջին օրերի ամենաշրջանառվող արտահայտությունն է, որի մեջ և’ համոզմունք կա, և’ հուսահատ սպասում, և’ հարց, որ փարատող պատասխան է ուզում: Այդ մարդկանց, որոնց մենք մի հատուկ վերաբերմունքով հասարակություն ենք կոչում, ոչ այնքան Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանն են հուզում, որքան վաղվա օրվա նկատմամբ ունեցած վստահությունը, որ տագնապի տեսքով խլրտում է իրենց ներսում: Երկրի ներընթացն ո՞ւր է տանելու իրենց: Փարատվել են ուզում երկրի ներսում այդ ընթացողի համար, իրենք իրենց համար:

«Սրա վերջը ո՞նց է լինելու»… բարձրաձայն մենախոսելու պես հարցնում են և իրենք էլ պատասխանում. «Ամեն ինչ ժողովրդի գլխին է ջարդվելու»… Սեփական անձի, կեցության խնդիր է, և այդ խնդիրը կախված է երկու մարդու հարաբերությունից, թե ինչպիսին կլինի երկրի վաղվա օրը, որում ապրելու են իրենք: Բոլորն էլ լուծում են ուզում, հանգուցալուծում: Սա արդեն կրկես ու թամաշա չէ, լուրջ կինո է:

«Լավ բան չի սպասվում» ասողները հասարակության այն անդորր շերտն են, որն առանձնապես հակված չէ անձնվիրաբար սպասարկելու մեկմեկու դեմ ծառացած կամ ձեռնոց նետած և մարտահրավերն ընդունած երկու քաղաքական ուժերի: Ի տարբերություն սրանց` «Կտեսնեն, թե ինչ է լինելու» ասողները հստակ կողմնորոշված և կանգնած են այդ երկու քաղաքական ուժերի թիկունքում: Եվ այդ մարդիկ քիչ չեն:

Այդ երեք շերտերն էլ ամբողջանում և մեր հասարակությունն են կազմում, մեր ժողովուրդը: Մենք ենք: Ըստ բաժանարար գծերի՝ առաջին շերտը մարտավկա է, եթե երկրորդ և երրորդ շերտերը մեկմեկու դեմ են պայքարում: Բայց մի նրբություն կա, գուցե բնական ու կենսաբանական օրինաչափությունները շրջանցող, այդ երեքի արյունը մեկ երակով է հոսում` էթնիկական օրինաչափությամբ:

Նախ հասարակության մեջ ինչ արձագանք է ունենում այս դատաստանը: Մեղադրանքն է, որ 2017թ. Ազգային ժողովի ընտրություններից առաջ ընտրակաշառք է բաժանվել: Իսկ ո՞վ չի բաժանել: (Ես հաղորդագրություն չեմ ներկայացնում, որպեսզի փաստեր արձանագրեմ, պարզապես հիշողության մեջ թարմացնում եմ այն իրողությունը, որի ականատեսն ենք եղել շատերս): Մեղքը վիճարկելը թողնում ենք դատական մարմիններին, մեղադրանքն օրինակա՞ն է, թե՞ շինծու՝ թնջուկի լուծումը` նույնպես: Իսկ իրավակա՞ն է, թե՞ քաղաքական, հասարակությունը, եթե ոչ այսօր, ապա վաղը բակային զրուցարաններում նարդի խաղալիս իր հստակ դիրքորոշումը կարտահայտի` անկախ պաշտոնական ձևակերպումից:

Դժվար է հստակ ասել, թե ո՞ր քաղաքական ուժն է ընտրություններից առաջ երկրում սկսել կաշառք բաժանել` ձևավորելով այդ քստմնելի ավանդույթը: Ինչպես ասում են. եթե նա բաժանում է, ես էլ կբաժանեմ: Իսկ ո՞ւմ փող տաս` կհրաժարվի: Ունեցանք ընտրական այս իրականությունը: Հրաժարվողներ էլ եղան, այն փոքրամասնությունը, որ ընտրեց խորհրդարանական փոքրամասնություն` հազիվ ընտրական շեմը հաղթահարած: Ընտրակաշառքը մերժած այդ փոքրամասնությունը, ընտրակաշառք վերցրած մեծամասնության բնորոշմամբ՝ «ախմախ» էր, քանի որ չվերցնելու դեպքում էլ բան չէր փոխվելու: Մեծ հաշվով, այդ մարդիկ ճիշտ էին:

Միջանկյալ հավելենք. ինչպես մեղավոր է կաշառք տվողը, այնպես էլ մեղավոր է կաշառք վերցնողը. Քրեորեն դատապարտելի արարք: Ուրեմն անհրաժեշտաբար պահանջ է առաջանում ժողովրդի մեծամասնությանը դատել: Եթե թագավարակով հիվանդների համար դեռևս հիվանդանոցներում մահճակալներ գտնվում են, ապա մասսայական դատից հետո բանտերում տեղ չի լինի, անհնար է չորս պատերի մեջ տեղավորել այդքան մեղավորի: Ուրեմն պետք կլինի երկիրը վերածել բանտի:

Բայց բան փոխվեց երկրում: Փոքրամասնության ընտրությունը կարողացավ արտախորհրդարանական պայքարով գալ իշխանության: Սեր և հանդուրժողականություն քարոզելով՝ իշխանության ձգտող ուժը սևերի և սպիտակների բաժանեց հասարակությանն իշխանության հասնելուց հետո` այդպես երկրում ստեղծելով երկու հակադիր ու իրարամերժ բևեռ: Մեզանից յուրաքանչյուրը չգիտի՝ վաղը սևերի՞ ցուցակում է հայտնվելու, թե՞ սպիտակների: Իսկ դա պարտադիր է, կամ սև ես, կամ սպիտակ:

Եթե ստեղծվում է երկու իրարամերժ ուժ, երկու պարունակ, որոնք հետևողականորեն ամեն օր լցվում են, ի վերջո, պիտի պարպվեն: Կանոնիկ կերպով լիցքավորվող այդ երկու իրարամերժ ուժերը պիտի հանդիպեն: Բախումն անխուսափելի է: Գիտենք, երբ տարանուն լիցքերով երկու ամպ հանդիպում են` նրանց բախումից ճայթում է կայծակ, իսկ կայծակը սպանում է:

Այնպես չի, որ Ծառուկյանը կողմնակիցներ չունի, և այդ մարդիկ վաղը դուրս չեն գալու հրապարակ և զայրույթի մեջ մոլեգնեն: Այնպես էլ չի, որ Փաշինյանը չունի կողմնակիցներ, և նրա կոչով դուրս չեն գալու նույն հրապարակ` նույնաբովանդակ զայրույթի մեջ համարժեք մոլեգնելու: Մենք տեսանք ԱԱԾ-ի դիմաց հավաքվածների և ոստիկանության միջև ընդհարումը, երբ Ծառուկյանը դուրս եկավ համանուն շենքից: Իսկ եթե դուրս չգա՞ր:

Ծառուկյանին չպետք է շփոթել մի շարք մեծահարուստների ու քաղաքական գործիչների հետ` գիտակցելով նրա գործունեության շրջանակն ու դրա անդրադարձը հասարակության մեջ: Խրամատի հակառակ կողմում կանգնածներն այդ հայացքն էլ ունեն. չեն շփոթում և գիտակցում են: Հենց այդ անշփոթելին է, որ շփոթմունք է առաջացրել:

Չեն խնայելու մեկմեկու: Եթե խնայեն, ուրեմն այս ամենը ֆարս է: Չեն խնայելու, և առճակատումն իրականանալիք հավանականություն է: Բախումը լինելու է հասարակական, քաղաքացիական, մի կողմից էլ՝ ուժային կառույցների թողտվությամբ կամ աջակցությամբ: Ուզում եք՝ դրա անունը դրեք Նոր մարտի մեկ կամ Օգոստոսի տասնմեկ` Նավասարդի օր, արդյունքը չի փոխվելու, այլ բովանդակության մեջ էությունը նույնն է լինելու:

«Ամեն ինչ ժողովրդի գլխին է ջարդվելու»… սա պատասխանն է սերտած դասի:

Հուսիկ Արա

Տեսանյութեր

Լրահոս