Վանեցյան-Խաչատրյան հեռախոսազրույցի գաղտնալսման վերաբերյալ որոշում կկայացվի միջազգային գործընկերների կողմից ՔԿ պահանջը կատարելուց հետո. ՔԿ նախագահ

2018 թվականին ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազանգի գաղտնալսումից անցել է գրեթե երկու տարի, սակայն գործի քննությունը դեռևս ավարտված չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը: ՔԿ նախագահը լրագրողներին տեղեկացրեց, որ  իր ղեկավարած կառույցի  անունից  միջազգային գործընկերներին քննչական պահանջ են ուղարկել, նրանք որոշակի գործողություններ պետք է անեն, որոնց վերլուծման արդյունքում հնարավոր կլինի վերջնական գնահատականներ տալ:

«Ես անցած տարի ձեզ հայտնել եմ, որ ըստ էության էդ գործը բացահայտված ա, սակայն դեռ քրեական գործը քննության փուլում ա, դեռ ավարտված չի: Ի՞նչ պատճառով ավարտված չի: Որովհետև մենք մեր մի շարք արտասահմանյան գործընկերներին ուղարկել ենք քննչական պահանջ, որը  երբ  կատարվի, կուղարկվի, դրա արդյունքների ամփոփմամբ նոր որոշում կկայացնենք»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

Արտասահմանյան գործընկերներից պատասխան դեռ չեն ստացել, իսկ գաղտնալսման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված անձ այս պահին չկա, ասաց ՔԿ նախագահը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ հեռախոսազրույցում հայտնում էր, թե իբր դատավորներից մեկը զանգել է իրեն և հարցրել, թե ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ինչ որոշում է անհրաժեշտ կայացնել:

Տեսանյութեր

Լրահոս