ՀՀ 6 բուհերում ե՞րբ են նախատեսվում ռեկտորների ընտրությունները. պարզաբանում է նախարարությունը

Արդեն երկար ժամանակ է, ինչ հայաստանյան 6 բարձրագույն հաստատություններում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարներին այդպես էլ չեն գալիս փոխարինելու ռեկտորները: Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դեռևս ղեկավարում են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները:

168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ տեղեկանալու, թե ե՞րբ են այդ բուհերում նախատեսվում ռեկտորների ընտրությունները:

Նախարարությունից, ի պատասխան՝ տեղեկացրին. «Նախարարությունը գրություն է հղել Երևանի պետական համալսարան և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների ներկայացուցիչներից հոգաբարձուների խորհրդի անդամության նոր թեկնածուների առաջադրման և ընտրության աշխատանքների կազմակերպման և թեկնածություների տվյալները նախարարությանը տրամադրելու հարցով (պահպանելով կիրառվող ժամանակավոր սահմանափակումները ու սանիտարահամաճարակային անվտանգության նորմերը)։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ներկայացրել է պրոֆեսորադասախոսական և ուսանողական խորհրդից առաջադրված թեկնածուների տվյալները։

Հարկ է նշել, որ հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է, ուստի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ձևավորման և ռեկտորի ընտրության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք դիմել վերոնշյալ բարձրագույն ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդին։

Նշենք նաև, որ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվել է բաց մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար դիմումները կընդունվեն 2020թ. հունիսի 11-ից հուլիսի 10-ը ներառյալ, ռեկտորի թափուր տեղի մրցույթը կկայանա 2020 թ. հուլիսի 17-ին»:

Տեսանյութեր

Լրահոս