«Նման կառուցակարգի դեպքում ընդհանրապես պետք է չլինի որևէ մի շահագրգռվածություն՝ ամեն գնով պարոն Քոչարյանին տանել ՔԿՀ». Արամ Օրբելյան

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Վարչական դատարան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մինչև Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ավարտը, «Իզմիրլյան» ԲԿ-ում մնալու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 29-ին Վարչական դատարանը՝ դռնփակ նիստում, բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը՝ հնարավորություն տալով մինչև արտակարգ դրության  ավարտը թույլատրել Ռոբերտ Քոչարյանին մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում հայցի ապահովման հիմքով։

Հայաստանում արտակարգ դրություն է լինելու դեռևս 4 օր՝ մինչև հունիսի 13-ը: 168.am-ի հետ զրույցում փաստաբան Արամ Օրբելյանը պարզաբանեց, որ այս պահին գործող քրդատավարական փաստաթղթերով ենթադրվում է, որ Ռոբերտ Քոչարյանը ԲԿ-ում մնալու է մինչև արտակարգ դրության ավարտը: Եթե արտակարգ դրությունը երկարացվի, համապատասխանաբար՝ երկարացվելու է նաև Ռ. Քոչարյանի հիվանդանոցում մնալը, եթե չերկարացվի, համապատասխանաբար չի երկարացվելու:

Փաստաբանը ՔԿԾ միջնորդությունը՝ հայցի ապահովումը վերացնելու մասին, գնահատում է հակաիրավական՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Քոչարյանն այս պահին ևս գտնվում է ՔԿԾ աշխատակիցների հսկողության ներքո, մինչդատական վարույթի կալանքի նպատակը  պահպանված է:

«Իրականում դատավարական ցանկացած գործողություն, ցանկացած միջնորդություն երբ ներկայացվում է, որոշակի նպատակ պետք է հետապնդի և պետք է բխի տվյալ մարմնի կարգավիճակից, տվյալ իրավիճակից, և այլն: Եվ դրա համար չասեցի՝ օրենքի խախտում, որովհետև օրենքի տառի տեսակետից պատասխանող կողմն իրավունք ունի հայցի ապահովման վերացման միջնորդություն ներկայացնել:

Բայց հաշվի առնելով COVID-ի հետ կապված համաշխարհային զարգացումները և այն, որ մեր հայցադիմումի հիմքում COVID-ն է, և այն, որ մարդու բոլոր  իրավունքներով, պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցները, հանձնակատարները և՛ կոչ են արել, և՛ հորդորել են՝ դիտարկել հնարավոր մեխանիզմները խոցելի խմբում գտնվող անձանց քրեակատարողական հիմնարկներից դուրս պահելու համար: Եվ իրավական գործիքակազմ է կիրառվել, որով ստացվել է, որ անձը գտնվում է ՔԿՀ-ից դուրս, միևնույն ժամանակ՝ մինչդատական վարույթի կալանքի նպատակը  պահպանվում է, որովհետև պարոն Քոչարյանը շարունակում է լինել մեկուսացված, իրավապահ մարմինների հսկողության ներքո, կապն արտաքին աշխարհի հետ, միևնույն է, սահմանափակված է:

Եվ այդ պայմաններում ներկայացնել հայցի ապահովումը վերացնելու միջնորդություն, գնահատում եմ հակաիրավական, որովհետև Քրեակատարողական ծառայությունն ինքնին չունի շահագրգռվածություն դա անելու: Այսինքն՝ իր համար պետք է տարբերություն չլինի՝ անձը գտնվում է հիվանդանոցո՞ւմ, թե՞ ՔՀԿ-ում: Հղումը, որ դա քրեական դատարանի կամ ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարում է, ոչ մի կերպ չի արդարացնում, որովհետև սա էլ վարչական դատարանի որոշման կատարում է, և հետևաբար՝ նման կառուցակարգի դեպքում ընդհանրապես պետք է չլինի որևէ մի շահագրգռվածություն՝ ամեն գնով պարոն Քոչարյանին տանել ՔԿՀ:

Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ կալանքը խափանման միջոց է,   այլ ոչ թե պատիժ: Այսինքն՝ չպետք է դիտարկենք, որ կալանքը պատիժ է, մարդուն պետք է պատժենք կալանքի միջոցով: Իսկ խափանման միջոցի նպատակներն ըստ էության իրականացվում են նաև այս գործիքակազմի շրջանակներում, և հետևաբար՝ զուտ փաստը, որ բերվել է միջնորդություն, ինքնին մտահոգիչ է ու անիմաստ՝ մարդու իրավունքի գերակայության ընկալման իմաստով»,- ասաց Արամ Օրբելյանը:

Մեր հարցին, թե որևէ կապ փաստաբանը տեսնո՞ւմ է ԱԺ-ում իշխող ուժի պատգամավորների՝ գլխավոր դատախազին ուղղված՝  վարչական դատարանի նշված որոշմանն առնչվող հարցերի ու դրանից հետո ՔԿԾ-ի ներկայացրած՝ հայցի ապահովումը վերացնելու միջնորդության միջև, փաստաբան Արամ Օրբելյանն ասաց միայն, որ չունի բավարար ինֆորմացիա և բավարար փաստեր՝ հարցին պատասխանելու և երկու երևույթների միջև կապ տեսնելու համար։

«Բայց այն փաստը, որ ԱԺ-ում դատախազի զեկույցը վեր էր ածվել պարոն Քոչարյանի գործի քննարկման,  եթե ոչ՝ ամբողջը, ապա՝ զգալի մասը, նույնպես խիստ մտահոգիչ  է, որովհետև ինչքան էլ կոնկրետ մի քրեական գործը հետաքրքիր է  հանրության մի մասին, այդուհանդերձ, երբ խորհրդարանում դատախազի տարեկան զեկույցի ժամանակ համակարգի կատարած աշխատանքի մասին հարցերից զատ՝ հնչում են հարցեր, որոնք վերաբերում են ՄԻԵԴ-ի 16-րդ արձանագրության հիման վրա տրված խորհրդատվական կարծիքին ու դրա մասին պատգամավորների մեկնաբանություններին ու վերլուծություններին, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով վարչական դատարանի հայցի ապահովման նպատակով կայացրած որոշմանը, խիստ մտահոգիչ է, քանի որ այդպիսով  ակնհայտ է դառնում գործընթացի քաղաքական լինելը:

Այսինքն՝ որևէ այլ քրեական գործով, պատմության ընթացքում ինձ հայտնի չէ, որ իշխանական պատգամավորները, իշխանական շրջանակներն այս ծավալի հարցուպատասխան իրականացնեն ու անընդհատ: Կան դեպքեր, երբ օպոզիցիան ինչ-որ գործ փորձում է անընդհատ բարձրացնել, բայց նույնիսկ այդ դեպքում այս ծավալը չի եղել: Պատմության ընթացքում ունեցել ենք էլի դեպքեր, երբ  քաղբանտարկյալների հարցերն օպոզիցիան փորձել է բարձրացնել, բայց որ քաղբանտարկյալի հարցը կառավարությունն անընդհատ բարձրացնի, փորձի ցույց տալ, որ նա քաղբանտարկյալ չի, դա ինքնին արդեն ապացուցում է, որ այստեղ խոսքը գնում է հենց քաղաքական հետապնդման մասին»,- նշեց փաստաբան Արամ Օրբելյանը:

Տեսանյութեր

Լրահոս