«Մենք պետք է դադարենք իրար վիրավորել, հայհոյել, առավել ևս, որ հանրային պաշտոնյաների դեպքում դա առավել բարձր պատասխանատվություն է». Արման Թաթոյան

Համացանցում երեկվանից շրջանառվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դատական գործի վճռի պատճենը: Արդյո՞ք անցյալի այս դրվագի հրապարակումը մարդու իրավունքների խախտում է՝ խորհրդարանում լրագրողի հարցին ի պատասխան ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ կոնկրետ այդ փաստին իր կողմից գնահատական տալը ճիշտ չէ։

«Առավել ևս առերևույթ որևէ պետական մարմնի գործողության հետ կապված հարց բարձրացված չէ: Ես առհասարակ կարող եմ ասել, որ կարևոր է ընդհանրապես ցանկացած մարդու արժանապատվության, անձնական կյանքի և այլն բոլոր նման արժեքները… Քաղաքականությունն իր սկզբունքներն ունի, քաղաքականությունից դուրս հարցերը՝ իրենց սկզբունքները: Բայց կոնկրետ այդ դեպքին գնահատական տալ իմ կողմից ճիշտ չէ՝ իրավասության առումով»,- ասաց նա:

Հարցին էլ, թե ինչպես կորակեք ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի գրառումն ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին (լրագրողն ինքը ցույց տվեց Արման Թաթոյանին այդ գրառումը), Ա. Թաթոյանը պատասխանեց, որ կոնկրետ մասնավոր անձի գրառման հետ կապված ՄԻՊ -ը դիրքորոշումը չի կարող ունենալ, իսկ առհասարակ նկատեց.

«Այսօր, ցավոք սրտի, շատ մեծ ծավալների են հասնում ատելության խոսքը, վիրավորանքը, իրար նսեմացնելը»:

Նա նշեց, որ այդ երևույթն իր համար շատ մտահոգիչ է. «Անկախ նրանից՝ պաշտոնատար անձ է, թե ոչ պաշտոնատար, մենք պետք է դադարենք իրար վիրավորել, հայհոյել, առավել ևս, որ հանրային պաշտոնյաների դեպքում դա առավել բարձր պատասխանատվություն է: Այսօր առողջ քննադատության էլ չենք հանդիպում համացանցում . տպավորություն է, թե խմբերի բաժանված՝ մարդիկ իրար հայհոյում են, մարդիկ կարծեք մրցում են, թե ով ավելի շատ կհահոյի եւ վտանգը նաեւ նրանում է, որ սա կարող է տեղափոխվել իրական կյանք»:

Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ արդեն կան դեպքեր,երբ համացանցում իրար վիրավորելը դուրս է գալիս իրական կյանք եւ մարդիկ իրար նկատմամբ հաշվեհարդար են տեսնում:

Տեսանյութեր

Լրահոս