«Այսօր արդեն եկել է ժամանակը՝ տեսնելու, թե ով ինչպես է օգտագործել այդ հնարավորությունը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ պետ Վահե Ղազարյանին։

Փաշինյանը շնորհավորեց ոստիկանության նորանշանակ ղեկավարին, նշեց, որ նա պետք է կարողանա նոր էներգիա հաղորդել այդ կառույցին։

«Այսօր մեր ամենամեծ մարտահրավերը, որը հավելյալ առաջացել է ոստիկանության գործառույթներում, կորոնավիրուսի հավավարակն է: Վերջին 3 ամսին ոստիկանությունն այս առումով շատ ծանր աշխատանք է կատարել և ըստ էության մեծ էներգիա է սպառվել։ Առաջիկայում էլ համավարակի հաղթահարման գործում էական դեր է ունենալու ոստիկանության աշխատանքի որակը»,- ասաց ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով՝ ոստիկանության ծառայողը, համազգեստը պետք է յուրաքանչյուր քաղաքացու համար ունենան խիստ զգաստացնող նշանակություն, սակայն մյուս կողմից ոստիկանության համազգեստով մարդ տեսնելիս` ՀՀ քաղաքացին իրեն պետք է պաշտպանված զգա, տեսնի հարազատի, մերձավորի, պաշտպանի և դիմի նրան:

«Երբեմն եղել է, որ պոզիտիվն այնքան շատ է եղել, որ ընդհանրապես այդ ձգվածության և զգաստության զգացումը ոստիկանի նկատմամբ չափից ավելի քիչ է եղել: Սա պահանջում է երկարատև, հետևողական աշխատանք՝ գիտելիքի, փորձի վրա հիմնված: Պարո՛ն Ղազարյան, ձեր խնդիրն է այդ աշխատանքը կատարելը: Սա շատ կարևոր է, քան որ Ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է և ոստիկանության գործունեությունը ու աշխատանքի որակն ուղիղ կապվում է երկրի ղեկավարի և քաղաքացու հարաբերությունների հետ»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ յուրաքանչյուր ոստիկան իրեն պետք է զգա վարչապետի ներկայացուցիչ, ով շփվում է ժողովրդի, քաղաքացու և հանցագործի հետ:

ՀՀ վարչապետը շեշտեց, որ հանցագործները պետք է զգան դաժան, ուժեղ և չսասանվող ձեռք, իսկ օրինապահ քաղաքացիները՝ թիկունք, ամրություն, վստահություն և պաշտպանվածություն:

Փաշինյանը նշեց, որ 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր համար շատ կարևոր խնդիր է եղել ուժային կառույցների և, մասնավորապես, ոստիկանության կայունությունը։

«Ես չեմ ցանկացել հեղափոխության ձեզ հայտնի իրադարձություններից հետո ՀՀ ոստիկանության որևէ աշխատակցի ընկալել որպես փշալարի այն կողմում գտնվող մարդ: Այդպիսի վերաբերմունքի նվազագույն դրսևորում անգամ չի եղել, և ՀՀ ոստիկանության բոլոր աշխատակիցները ստացել են այդ շանսը՝ դիրքավորվել նոր Հայաստանի, նոր արժեքների և նոր նպատակների առաջ։ Այսօր արդեն եկել է ժամանակը՝ տեսնելու, թե ով ինչպես է օգտագործել այդ հնարավորությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պնդմամբ՝ նրանք, ովքեր կչարաշահեն այդ հնարավորությունը՝ տեղ չունեն ոստիկանության շարքերում, քանի որ իր նպատակն է ոստիկանության արդյունավետության բարձրացումը՝ ի շահ ՀՀ քաղաքացու:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ միմյանց հետ կվերլուծեն այն, ինչ արվել է այս ընթացքում, այն, ինչ ստացվել կամ չի ստացվել։

Տեսանյութեր

Լրահոս