«Եթե ուժ կիրառող էիք, Գավառի դեպքերի ժամանակ կիրառեիք». Ռոբերտ Հայրապետյան

168.am«Ռեվյու» հաղորդաշարի տաղավարում իրավական բնույթի հարցեր ենք քննարկել իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք երկրում տարվող կադրային քաղաքականությունն իրավական տեսանկյունից: Օրինակ, երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ազատվեց պաշտոնից ու նոր նախագահ նշանակվեց՝ Էդվարդ Հովհաննիսյան, մինչդեռ, ըստ օրենքի՝ ՊԵԿ նախագահին նշանակում և ազատում է կառավարությունը:

– Կառավարության գործողությունների մեջ այսօրվա պայմաններում իրավաչափություն և օրինականություն գտնելն առավել բարդ խնդիր է, և դա վերաբերում է նաև կադրային քաղաքականությանը:

Մենք տեսանք, որ երեկ կառավարության կայքում հայտնվեց որոշում, որով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ազատվեց աշխատանքից, ու նշանակվեց նոր նախագահ: Այո՛, մենք գիտենք, որ ՊԵԿ նախագահին նշանակում և ազատում է կառավարությունը, իսկ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով՝ կառավարության նիստերը տեղի են ունենում ամեն հինգշաբթի, և սահմանված են նաև այն հիմքերը, որոնց պայմաններում կառավարությունը հրավիրում է արտահերթ նիստ: Մենք չտեսանք այն գործընթացները, որոնք նախորդում էին կառավարության նիստին:

Այսինքն՝ առնվազն ինձ համար կասկածի մեծ տեղիք է տալիս, թե ինչ ճանապարհով է կառավարությունն այդ որոշումը կայացրել, և ինչպես է Դավիթ Անանյանն ազատվել ՊԵԿ նախագահի պաշտոնից: Ասեմ ավելին, եթե կառավարությունն այդչափ մտահոգ է, և վայրկյան առաջ պետք է Դավիթ Անանյանի փոխարեն նշանակում կատարվեր, ապա ո՞ւր է Շրջակա միջավայրի նախարարը: Մայիսի 5-ից մենք չունենք նախարար, և ըստ էության օրենքով սահմանված ժամկետը մինչև մայիսի 21-ն էր, որ պետք է ներկայացվեր թեկնածու և նշանակվեր:

– Ի դեպ, ՔԿ 5-րդ տեղակալի հաստիքը, որը հատուկ 12 ժամով ստեղծվեց ԱԱԾ տնօրենի ներկայիս տեղակալ Արգիշտի Քյարամյանի համար, մեկ ամիս է՝ թափուր է, ու այնտեղ ևս նշանակված մարդ չկա:

– Եթե իրականում Քննչական կոմիտեի նախագահի 5-րդ տեղակալի հաստիքը ստեղծել են, որ բազային տրամպլին լինի այն մարդկանց համար, ում կառավարությունը փորձում է մեկ թռիչքով տեղաշարժել այս պաշտոնից այն պաշտոն, ապա դա միշտ էլ կմնա թափուր այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ չի լինի արգիշտիքյարամյաններին նշանակել այնտեղ և 12 ժամ հետո նշանակել մեկ այլ պաշտոնի:

– Իրավաչա՞փ էին արդյոք երեկ ոստիկանության գործողությունները, երբ դիմակ չկրելու համար 5-6 հոգով քաղաքացուն «փռել էին ասֆալտին»: Իշխանությունները պնդում են, որ իրավաչափ էին:

– Առհասարակ մենք տեսնում ենք, որ վերջին ժամանակներս մեր ոստիկանությունն ունի պրոֆեսիոնալիզմի սուր դեֆիցիտ: Երեկվա դեպքը խայտառակ դեպք էր, և այնտեղ խոսել ոստիկանական ուժերի համաչափությունից, աբսուրդ է: Համացանցում եղած տեսանյութից ակնհայտ էր, որ այնտեղ ոչ միայն կոնվենցիոնալ, այլև ներպետական օրենսդրության մի շարք նորմերի խախտումներ պահանջող գործողություններ էին առկա:

– Միգուցե մենք տեսանյութի միայն վերջին հատվածն ենք տեսել, և քաղաքացին սադրել է իր գործողություններով, բայց այն, ինչ տեսել ենք, խոսում էր ուժի համաչա՞փ, թե՞ այնուամենայնիվ, ոչ համաչափ կիրառության մասին:

– Անկախ տեղադրված տեսանյութի հրապարակման հատվածայնությունից, և անկախ նրանից, թե մինչ այդ ինչ գործողություն էր կատարել քաղաքացին, նման ուժի կիրառությունը, ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, միանշանակ անհամաչափ էր:

Կարծես թե ոստիկանությունը որտեղ պետք է ուժ կիրառի՝ այնտեղ անգործություն է դրսևորում, բայց որտեղ պետք է ստեղծել շոու, որ դրանով «կերակրեն» հասարակությանը, կիրառում են: Եթե ուժ կիրառող էիք, Գավառի դեպքերի ժամանակ կիրառեիք: Չկանգնեիք, պատնեշ ստեղծեիք, և մի խումբ անձինք մտնեին հիվանդանոց, կատարեին գործողություններ ու այդտեղից կարողանային անվնաս հեռանալ:

– Որքանո՞վ են կառավարության գործողությունները համապատասխանում արտակարգ դրության իրավական ռեժիմի տրամաբանությանը:

– Արտակարգ դրությունն ինքը վարչական ռեժիմ է, և դրա հաստատումը կամ հայտարարումն իրենից ենթադրում է որոշակի գործողություններ, որոնք բխում են արտակարգ դրության իրավական ռեժիմի տրամաբանությունից: Այսօր մենք ունենք ՀՀ ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ, և այն կարծես թե շղարշ է այն բանի համար, որ կարողանան «իրավաչափ» կերպով սահմանափակել հավաքների ազատության իրավունքը:

– Արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է Արտակարգ իրավիճակների նախարարության գործուն մասնակցություն: Ինչո՞ւ են պասիվ ԱԻՆ-ը կամ նախարարը:

– Արտակարգ դրությունը մեր երկրում ի սկզբանե հայտարարվել էր՝ արտակարգ իրավիճակով պայմանավորված, որի համար էլ, իր հերթին՝ հիմք էր հանդիսացել կորոնավիրուսի համավարակը: Եթե արտակարգ դրության ժամանակ գլխավոր գործող անձը պարետն է, ապա արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանը պետք է ամենաակտիվ դերում լիներ, ձեռնարկեր արտակարգ իրավիճակի վերացմանը միտված գործուն քայլեր:

Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ գեղարվեստական և ռոմանտիկ երեկոներ է կազմակերպում կառավարական ամառանոցում, նկատի ունեմ պարետատան նիստից հետո «բրիֆինգները», որտեղ մենք ոչ մի անգամ չտեսանք ԱԻ նախարարին, ով կներկայացներ, օրինակ, թե ԱԻՆ-ն իր լիազորությունների սահմաններում ինչ գործառույթներ է իրականացրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս