Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմից ստացել եմ քաղաքական առաջարկ, ինչի մասին կխոսեմ ավելի ուշ. Նարեկ Թադևոսյան

Հունիսի 2-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողօգտագործման պայմանագրերի կնքման, հաշվառման և վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետ Նարեկ Թադևոսյանը հայտարարեց, որ իր դիմումի համաձայն՝ հեռացել է աշխատանքից։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ աշխտանքից ազատվում է Երևանի քաղաքապետարանում 2018 թվականից ստեղծված և օրեցօր զարգացող ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտի պատճառով, և աշխատանքային այդ գաղջ պայմանները միտված են նախկին փորձառու կադրերից հրաժարվելուն, որոնցից նոր իշխանությունները փորձում են ազատվել կյանքի գնով` հաճախ անցնելով անգամ անթույլատրելիի սահմանը:

168.am-ի հետ զրույցում Ն. Թադևոսյանը նկատեց, որ Երևանի քաղաքապետարանում տիրող աշխատանքային անառողջ մթնոլորտը, իհարկե, ստեղծում են նոր քաղաքային իշխանությունները, և այդ մասին իր դժգոհությունները հայտնել է նաև Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցչին։

«Սակայն, ի պատասխան իմ բարձրացրած մտահոգությունների՝ Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի կողմից եղել է քաղաքական առաջարկ, ինչի մասին կխոսեմ ավելի ուշ»,- ասաց  Թադևոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ 2018 թվականից հետո մինչ այս պահը Երևանի քաղաքապետարանում շարունակում է տիրել «հայտնի բաժանման մեթոդը»։

«Սևերի և սպիտակների այդ հայտնի բաժանումը մինչև այսօր տիրում է Երևանի քաղաքապետարանում: Ըստ իս՝ Երևանի քաղաքապետը քաղաքապետարանում ղեկավար է համարվում միայն այն հատվածի համար, որն իր և իր քաղաքական թիմի ղեկավարման տարիներին է անցել աշխատանքի և ունեցել է որևէ առաջընթաց»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ Երևանի քաղաքապետի խոսնակն անդրադարձել է իր այն պնդմանը, թե քաղաքապետարանում ազատվում են նախկիններից, ու նշել, որ այժմ էլ, օրինակ, կան Հանրապետական կուսակցության անդամ վարչության պետեր, Նարեկ Թադևոսյանն արձագանքեց.

«Ներկայումս Երևանի քաղաքապետարանում Հանրապետական կուսակցության անդամ որևէ վարչության պետ չի աշխատում»։

Խոսելով  Երևան քաղաքում կուտակված խնդիրների մասին՝ նախկին պաշտոնյան նշեց, որ ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնցից ամեաակտուալը Երևան քաղաքի ախտահանումն է, որը, համավարակի այս աղետալի պայմաններում՝ գրեթե չի իրականացվում:

«Չմոռանանք նաև մյուսները՝ կանաչապատման ոլորտը, որը, եթե փորձենք համեմատել նախորդ տարիներին իրականացված լայնամասշտաբ աշխատանքների հետ, կհասկանանք, որ այս ոլորտը ևս անգործության է մատնված: Տրանսպորտի հարցը, որը մեր քաղաքում օրհասական վիճակում է, բայց դեռևս տեսնում ենք միայն «գեղեցիկ» ավտոբուսների լուսանկարներ, բնակֆոնդի պահպանման հարցը, և այլն: Կարող եմ անվերջանալի ցանկ մատնանշել»,- ասաց  նա՝ Երևանի քաղաքապետարանում աշխատող իր «հին» գործընկերներին մաղթելով ամուր նյարդեր և հանդուրժողականություն։

«Մաղթում եմ ամրություն՝ դիմագրավելու համար նորեկների դիլետանտությանը, որը, ինչպես համոզվեցինք, խրոնիկ բնույթ է կրում»,- ասաց  նա։

Տեսանյութեր

Լրահոս