Բաժիններ՝

«Զգում եմ, թե Դուք հիմա ինչ վատ եք զգում՝ փորձելով հիմնավորել անհիմնավորելին». Նաիրա Զոհրաբյանը՝ Նարեկ Զեյնալյանին

Խորհրդարանն այսօր քննարկում էր  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:

Սակայն Նարեկ Զեյնալյանը խորհրդարանին կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, որպեսզի կարողանան որոշակի հաշվարկներ ու կանխատեսելիություն անել, նման առաջարկ է արել Կառավարությունը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է մեկուսացված և ինքնամեկուսացված վարձու աշխատողներին տրամադրել նպաստ՝ ժամանակավոր անաշխատունակության տրամաբանության սահմաններում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով նախագծին և դիմելով Նարեկ Զեյնալյանին՝ ասաց. «Պարոն Զեյնալյան, վստահաբար Դուք պարկեշտ մարդ եք, համենայն դեպս, ինձ վրա պարկեշտ մարդու տպավորություն եք թողել: Զգում եմ, թե Դուք հիմա ինչ վատ եք զգում՝ փորձելով հիմնավորել անհիմնավորելին: Դուք շատ լավ նախագիծ եք բերել, որը որոշակիորեն կլուծի ծանրաբեռնվածությունը, այն սոցիալական լարվածությունը, որը կա: Հիմա մենք կողմ ենք այս նախագծին, և մարդիկ, որոնք իրենց կամքից անկախ՝ մեկուսացվել են, երեկ ստացան դրական ազդակ, որ իրենք մենակ չեն: Այս ամբիոնից Կառավարության անդամներն ամենաբարձր մակարդակով ասել են, որ մենք փողի խնդիր չունենք: Ինձ համար հասկանալի չէ, ինչո՞ւ  մեր Կառավարության հետ այս հարցը՝ մինչև այստեղ հասնելը, չեք քննարկել: Բոլորս էլ հասկանում ենք, որ սա «ջրելու» տարբերակ է, առաջին օրը չէ, որ պատգամավոր ենք, որովհետև այնպիսի բարձիթողի վիճակ է, որ որևէ մեկը չգիտի, թե վաղն ինչ թվեր մենք կունենանք»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ կորոնավիրուսի հետ կապված ինչ թվեր էլ գրանցվեն, միևնույն է՝ պետությունը պարտավոր է մարդկանց մասին հոգ տանել, այդ ամենը պետության պոզիտիվ պարտականությունն է, հատկապես՝ նման պատերազմական իրավիճակում:

Պատգամավորն առաջարկեց կողմ քվեարկել առաջին ընթերցմամբ արդեն ընդունված նախագծին:

Մինչև պատգամավորը նման առաջարկ էր անում, Սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը  բացասական գլուխը շարժում էր, ինչին ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Հարգարժան փոխնախարար, ինչո՞ւ եք Ձեր գլուխը բացասական շարժում, ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու»:
Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս