Կկառուցվի նոր բազմաբնակարանային շենքային համալիր հանրային ծառայողների համար
Կառավարության նիստում այսօր հաստատվեց հանրային ծառայողներին բնակարանով ապահովելու նպատակով Երևան քաղաքի Ադոնցի 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի կարգը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ «ՄԼ-ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը վարչապետի աշխատակազմ է ներկայացրել առաջարկ՝ 619 բնակարանով շենքային համալիր կառուցելու, դրանից 345 բնակարան հանրային ծառայողներին վաճառելու պատրաստակամությամբ: Ըստ Արմեն Ղուլարյանի՝ բնակարանները շահագործման կհանձնվեն 2023 թվականին՝ երկու փուլով:
«Պետությունը որևէ ֆինանսական պարտավորություն չունի, պետության դերն առավել կազմակերպչական և վերահսկողական է լինելու»,- ասաց Արմեն Ղուլարյանը:
Նախագծից կարող են օգտվել Հանրային ծառայությունների մասին օրենքով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց գործատուն և աշխատավայրը գտնվում է Երևանում: Շահառու կարող են դառնալ նաև օտարերկրյա պետություններում դիվանագիտական պարտականություն ստանձնած մեր քաղաքացիները:
«Բնակարանների ընդհանուր մակերեսի 1 քառակուսի մետրի արժեքը ներքին հարդարմամբ 345 հազար դրամ է, առանց ներքին հարդարման՝ 310 հազար դրամ: Ավտոկայանատեղի արժեքը 2,5 մլն դրամ է, կանխավճարը՝ 10%»,- նշեց Ա. Ղուլարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում