Հայկական կրթության փառքն ու ողբերգությունը
«Լավ է կույր աչքով, քան կույր մտքով»
Եղիշե
Վերջերս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ համաճարակային պայմաններում հեռավար կրթությունը բավականին հաջող է իրագործվել: Թերևս, յուրաքանչյուր կարծիք գոյության իրավունք ունի, սակայն կա մեկ «բայց»: Ժամանակին, երբ իրենք կրթության և գիտության էքսնախարար Արմեն Աշոտյանին մեղադրում էին սոցիալական ցանցերում շատ ժամանակ անցկացնելու մեջ, ապա այսօր արդեն իրենք առավելապես պետք է հետևողական լինեն իրենց աշխատանքում: Կրթությունը համակարգող նախարարից հանրությունն ակնկալում էր ստանալ ոչ թե անձնական ու սիրողական տեսակետ, այլ ոլորտային կառավարման հաշվետվություն` հիմնված մասնագիտական վերլուծությունների վրա:
Նախարար Հարությունյանը քողարկում է առկա փաստերը, իրեն հաճո գնահատականներն ու տեսակետները ներկայացնում՝ որպես ոլորտային պաշտոնական վիճակագրություն: Փորձ է արվում օգտվել արտակարգ դրության ռեժիմի անհիմն երկարաձգումից և ժամանակ շահելով` քողարկել չլուծված խնդիրներն ու անցնել առաջ: Կրթության ոլորտը, որպես կանոն, խոցելի է, հետևաբար՝ նախարարը գրեթե վստահ է, որ իրեն հակադարձողներ չեն լինելու:
Այնուհանդերձ, դիտարկելով արձանագրված փաստերը, փորձենք լույս սփռել վերջին երեք ամիսների ընթացքում ՀՀ-ում վարված կրթության որակի և դրա կառավարման արդյունավետության վրա:
Պարտադրված անցումը հեռավար կրթության աչքի ընկավ նրանով, որ հանրապետության հազարավոր աշակերտներ դուրս մնացին հանրակրթությունից: Սոցիալապես անապահով վիճակում գտնվող երեխաները, չունենալով համակարգիչ կամ սմարթֆոն, ուղղակի զրկվեցին կրթություն ստանալու իրենց սահմանադրական իրավունքից:
Նման երեխաների տեղորոշումը և նրանց կրթական կարիքների բավարարումը պետության բնական առաջնահերթությունն էր, որը մատնվեց անուշադրության: Հնարավո՞ր էր արդյոք նրանց ապահովել անհրաժեշտ սարքավորումներով: Իհա՛րկե, նման խնդրի լուծումը պետության համար կարժենար մոտ 30 միլիոն դրամ, որը ծիծաղելի գումար է՝ պարգևավճարների 35 միլիարդանոց բյուջեի դիմաց: Պետք է փաստել, որ նման երեխաների համար կրթությունն իրենց սոցիալական կարգավիճակը բարելավելու ամենից կարևոր, թերևս, միակ հնարավոր ճանապարհն է:
Ներկայումս գոյություն ունեն հեռավար դասընթացների կազմակերպման բազմապիսի տեխնոլոգիական լուծումներ: Դրանցից կարելի է մատնանշել, օրինակ` «Google for Education» սոֆթային համակարգը, որն ուսուցիչների և աշակերտների կրթական առցանց փոխհարաբերությունները լավագույնս կարգավորող համակարգ է: Սակայն դրա փոխարեն՝ առաջարկվեց կիրառել «Zoom» հավելվածը, որն առկա լուծումներից, մեղմ ասած, ամենաանհուսալին է: Ընտրությունը երևի պայմանավորված էր նրանով, որը երկրորդ տարբերակն անվճար է, իսկ առաջինի ներդրման պարագայում անհրաժեշտ կլինեին որոշակի ծախսեր:
Կրթության կազմակերպիչները լավ գիտեն, որ «ուսուցիչ-աշակերտ» առցանց հաղորդակցումը, թեկուզև թեմատիկ շրջանակներում, դեռևս դաս համարվել չի կարող: Առցանց կրթության համատարած անցումով` Կրթության նախարարությունը պարտավոր էր դպրոցներին ուղարկել մասնագիտական երաշխավորություններ, որոնց կիրառությամբ հնարավոր կլիներ ապահովել դասին ներկայացվող պահանջները: Արդյունքում՝ ականատես եղանք Խաչատուր Աբովյանի «Պարապ վախտի խաղալիք» գործի օպերատիվ էկրանավորմանը:
Կրթության նախարարությունը գործընթացի կեսից հայտարարեց, որ առցանց պարապմունքների գնահատականները չեն հաշվարկվելու: Արդյունքում՝ խորացավ ուսուցիչների անվստահությունը, իսկ աշակերտներն ուղղակի զանգվածաբար բացակայեցին առցանց դասերից, բնականաբար, անլրջացավ դասի, դպրոցի և առհասարակ կրթության վերաբերյալ սովորողների վերաբերմունքը: Ինչպես ասում են կրթության դասականները. «առանց գնահատում՝ չկա կրթություն»:
Մյուս ոչ միանշանակ դրսևորումը բուհական ընդունելությունը մեկ քննությամբ կազմակերպելու որոշումներն էին: Ի սկզբանե հասկանալի էր դառնում, որ այն առավելապես դիմորդներին հաճոյանալու չստացված փորձ է, քան արտակարգ դրության պահանջներից բխող անհրաժեշտություն: Հետաքրքրական է այն, որ որոշումը հարուցել է բազմաթիվ ծնողների ու դիմորդների տարակուսանքն ու վրդովմունքը: Փաստ է, որ դա հակամրցակցային և երեխային իր առավելություններից առավելագույնս օգտվելու հնարավորության չեղարկում է:
Ակնհայտ է, որ խախտված էր կրթության կազմակերպման գործընթացում աշակերտների և ուսուցիչների առողջության պահպանման առաջնահերթ սկզբունքը: Կրթության նախարարությունը որևէ ցուցում չուղարկեց, որպեսզի ապահովեր գործընթացում ներգրավված քաղաքացիների բնականոն առողջությունը` տեսողությունից մինչև հոգեկան առողջություն, հենաշարժողականից մինչև սոցիալական հարմարում: Միանշանակ է, որ այս փուլում տապալվեց առանց այդ էլ ոչ լավագույն հիմքերի վրա դրված պարտադիր ներառական կրթության համակարգը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն ամենաանփույթ ձևով դուրս մնացին իրենց համար օդ ու ջրի պես էական գործընթացից:
Համավարակի պայմաններում հանրակրթության վերահսկողության հարցերի շուրջ իշխանական պատգամավորներից մեկը նշեց, որ «եղած հնարավորությունների շրջանակում տեսչական մարմինները կատարում են առավելագույնը։ Հատկապես հեղափոխությունից հետո նրանց ծանրաբեռնվածությունը մի քանի անգամ ավելացավ»։ Որևէ մեկը չէր ստիպում հեղափոխականներին լուծարել Կրթության ազգային ինստիտուտը, որն իր մարզային մասնաճյուղային կառույցներով կարող էր անհրաժեշտ օգնություն մատուցել համայնքապետարանների կրթության վարչություններին: Նույնիսկ բոլշևիկյան լուսավորության ժողովրդական կոմիսար Լունաչարսկին չհամարձակվեց ցնցել կրթության պահպանողական համակարգը: Իշխանականները դժվար թե կարողանան բոլշևիկներից ավելի կարմիր և նրանցից ավելի հեղափոխական գտնվել:
Դժվար է ասել, թե իրավիճակը բարվոք էր բարձրագույն կրթության համակարգում: Հումանիտար ուղղվածությամբ բուհերն ավելի հեշտ հաղթահարեցին առկա մարտահրավերը, սակայն դա՝ միայն ելնելով կրթության բովանդակության իրենց առանձնահատկություններից: Գերատեսչական անգործությունը հատկապես ծանրացավ տեխնիկական բուհերի և Բժշկական համալսարանի վրա: Բնականաբար, տվյալ մասնագիտությունների դեպքում էական գործնական կարողություններն ու հմտություններն ենթակա չեն առցանց տիրապետման, ուստիև կարիք կար իրականացնել բուհական շերտավորում: Պոլիտեխնիկական կրթություն ստացող ուսանողների մի ստվար զանգված արդեն իսկ իր դժգոհությունն է հայտնում նման պայմաններում անորակ կրթության հանդեպ: Կրթության համակարգի կառավարումից անգիտակ լինելու դրսևորում էր կոչն առ այն, որ ուսանողները կարող են չմուծել ուսման վարձերը համավարակի պայմաններում: Բարեբախտաբար, հասկանալով դրա կործանարար հետևանքները, մտցվեց ուսման վարձերի փոխհատուցման համակարգ:
Նշված փաստերի համատեղմամբ ստացվում է, որ համավարակի շրջանում կրթության ճգնաժամային կառավարումը տապալվել է, իսկ ձեռնարկված գործողությունները ունեցել են միայն հարմարողական ազդեցություն: Արդյունքում՝ դպրոցական կրթական ծրագրերը թերի են կատարվել, իսկ բուհական կրթության մի հատվածն ուղղակի որակազրկվել է:
Փաստորեն, կրթությունը ցնցումներից զերծ պահելու համար չի իրականացվել կարիքների վերհանում, չեն առանձնացվել խոցելի խմբերը, չկար գործընթացի կառավարման փուլայնություն, բացակայում էին եզրահանգումներն ու դրանից բխող նպատակադրումները, բացակայում էր կարճաժամկետ և երկարաժամկետ պլանավորումը:
Իրականացված առցանց դպրոցական դասերը չծառայեցին իրենց թիվ մեկ կրթական առաքելությանը, այն է` ապահովել երեխաների անհրաժեշտ զարգացումը: Առցանց հաղորդակցումը շատ դեպքերում արդյունավետ դասի չվերածվեց, որովհետև չկային ուսուցչին տրված մեթոդական ցուցումներ տնային աշխատանքների կազմակերպման, դասի վարման, թեմատիկ բովանդակության վերանայման, վերջնարդյունքային կողմնորոշման շուրջ: Բուհական կրթությունն արժեզրկվեց, քանի որ ուսանողը, ի վերջո, չի կարողացավ արդարացիորեն պահանջել և ստանալ այն կոմպետենտային որակները, որոնց համար ինքը վճարել է, բայց չի ստացել:
Եվ այս ամենը՝ այն դեպքում, երբ հեղափոխականները նախորդ իշխանությունից ստացել էին հեռավար և առցանց կրթության կազմակերպման բավականին լավ բազա, սակայն, ինչպես ասում են՝ «այդ մասին` մյուս դասին»: Արդյունքում՝ կրթության ոլորտը վերածվեց սոցիալական ապահովության համակարգի մի բաղադրիչի, որով հնարավոր եղավ լուծել միայն կրթության ոլորտի ծառայողների վարձատրության հարցը: Կրթության ոլորտը պետության մեջ ամենազանգվածայինն է և ամենաինտելեկտուալը, բնականաբար, նիկոլփաշինյանական կառավարությունը չէր ցանկանալու իր դեմ գրգռել հասարակության այդ հսկա հատվածը: Դրա փոխարեն՝ հաջողվեց լրիվ տապալել կրթության բովանդակային և արժեքային կողմերը:
Արդեն հաջորդ ուսումնական տարուց կհնձենք արժեզրկված կրթության դառը պտուղները, իսկ կրթության նկատմամբ անկում ապրած հասարակական վերաբերմունքը գրեթե անհնար է լինելու բարեշրջել: Եվ այդ պայմաններում արդեն հնարավոր չի լինելու մեղքը բարդել նախկինների վրա, չեն օգնելու նաև հակակոռուպցիոն դեղնած լոզունգները: Եթե իմքայլական իշխանությունն արագ կերպով չձեռնարկի իրավիճակը փրկելուն ուղղված կտրուկ քայլեր, եթե մասնագիտական կադրերը շարունակեն դիտարկվել կուսակցական ակնոցներով, եթե նախորդ կառավարության ոլորտային ձեռքբերումներն արհամարհվեն, ապա շատ ծանր իրավիճակի ականատես կլինենք: Պատմականորեն կրթության ջատագովներից արագ կվերածվենք կրթության կուսակցական գերեզմանափորների…
Եվ այդ ժամանակ միգուցե Կրթության նախարարության շենքի ճակատը զարդարի «Կորչի՛ գիտությունը, երբ կա՛ հեղափոխությունը» կարգախոսը:
Լևոն Նազարյան