Եթե յուրաքանչյուրն ինքը պիտի որոշի` մեկուսանալու կարիք ունի՞, թե՞ չէ, էլ ինչի՞ էիք մարդկանց հեռախոսները լսում

«Այս պահի դրությամբ որևէ առիթ չունեմ մեկուսանալու, որովհետև որքանով որ շփումը եղել է, որևէ կոնտակտ չենք ունեցել վարչապետի, Աննա Հակոբյանի և երեխաների հետ: Այսինքն, երբ ես եղել եմ նրանց տանը` որևէ ձևով կոնտակտի դուրս չենք եկել իրար հետ: Ես տուն մտնելիս, տանից դուրս գալիս ախտահանվել եմ, եղել եմ դիմակով, այնպես որ՝ այս պահին ես որևէ վտանգ չեմ տեսնում, որի համար էլ պետք է մեկուսանամ: Այնուամենայնիվ այսօր ես թեստ եմ հանձնելու՝ ապահովության համար, և ինչպես տեսնում եք՝ ԱԺ-ում շփումներս ունենում եմ մաքսիմալ հեռավորության վրա»,- այս մասին այսօր Խորհրդարանում հայտարարել է ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայր Հրաչյա Հակոբյանը` ի պատասխան լրագրողների այն հարցի, թե ինչո՞ւ մեկուսացված չէ, քանի որ հաճախ է այցելում կառավարական առանձնատուն և շփվում վարչապետի ու նրա ընտանիքի անդամների հետ:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ֆեյսբուքյան լայվով հայտարարեց, որ ՔՈՎԻԴ-19 թեստի դրական պատասխան ունեն ինքն ու իր ընտանիքի անդամները:

Կարող ենք ենթադրել, իհարկե, որ կոնտակտավոր ասելով` վարչապետի աներձագը, թերևս, միայն գրկախառնություն, ձեռքսեղմում կամ համբուրվել է պատկերացնում, բայց ամեն դեպքում ֆիքսենք, որ երեկ վարակակիր ընտանիքի հետ շփում ունենալուց ու այդ մասին գոնե թե այսօր իմանալուց հետո պատասխանատու իշխանական պատգամավորը եկել է Խորհրդարան, շփվել ԱԺ աշխատակիցների, պատգամավորների ու լրագրողների հետ:

Բայց մի հարց, այնուամենայնիվ, չի կարող չտանջել ՀՀ իրազեկ քաղաքացուն:

Ս/թ մարտի 31-ին` ուշ երեկոյան, մեկ օրում երկու արտահերթ նիստ հրավիրելով` Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մարդկանց տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու խնդրահարույց նախագիծը, որը, ըստ դրա հեղինակների,  նպատակ ուներ պարզել կորոնավիրուսով վարակվածների շրջանակը։

Ընդդիմադիր  «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) և «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցությունները երկրորդ հրավիրված արտահերթ նիստին չներկայացան, քվեարկությանը մասնակցեցին միայն իշխանական պատգամավորները, ու նախագիծն անցավ:

Նախքան քվեարկությունն արտահերթին ներկա պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ամբիոնից հայտարարեց՝ այս ամբողջ գործընթացի նպատակն է՝ տեղորոշել այն անձանց, ովքեր շփվել են վարակակրի հետ։

«Սա չի նշանակում, որ մենք ուզում ենք վերահսկել մարդկանց, սա միայն ու միայն նշանակում է, որ մենք ուզում ենք համաճարակի տարածումը կանխարգելել, հարգելի գործընկերներ: Սիրելի հայրենակիցներ, եթե դուք ստանաք զանգ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցից, պարետատան անունից, և լսեք այս նախադասությունը, որ ամենայն հավանականությամբ դուք այսինչ օրը, այսինչ վայրում միգուցե շփվել եք այսինչ անձի հետ, տեղեկացված եղեք, որ այդ անձը վարակակիր է, և դուք նույնպես կարող է ռիսկային գոտում լինեք: Դրանից հետո, պետք է խնդրեմ, որ գնաք այն վայր, որտեղ որ պետք է ինքնամեկուսանաք: Բոլորիս ողջախոհություն և առողջություն»,- ասել էր Ավինյանը:

Երբ բոլորը պնդում էին, որ նշված նախագիծը մարդկանց տոտալ վերահսկողության տակ պահելու համար է, երբ ասում էին, որ այն մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, երբ անգամ բջջային օպերատորներն էին հայտարարել, որ հնարավոր չէ ճշգրիտ որոշել վարակակրի գտնվելու վայրը և շրջանակը, և միայն խիստ մոտավոր շրջանակ կարող է տեղորոշվել, իշխանությունները բոլորին մեղադրում էին անպատասխանատու վարքագիծ դրսևորելու մեջ ու պնդում, որ օրենքը խիստ անհրաժեշտ է վարակակիրների շրջանակը հայտնաբերելու և նրանց մեկուսացնելու համար:

Բայց, փաստորեն, հիմա հաստատված վարակակրի հետ շփված պատգամավորն  ասում է` ես մեկուսանալու կարիք չունեմ։ Այսինքն` այդքան մարդու հեռախոսազանգերն են պահում վերահսկողության տակ, տեղյակ են` ով, երբ, ում հետ խոսեց ու ինչքան, որ իբր կոնտակտ ունեցածներին մեկուսացնեն, սակայն պարզվում է, կա արտոնյալ, ով պնդում է` կարիք չունեմ մեկուսանալու։

Բա եթե յուրաքանչյուրն ինքը պիտի որոշի` մեկուսանալու կարիք ունի՞, թե՞ ոչ, էլ ինչի՞ էիք մարդկանց հեռախոսները լսում։ Թող ամեն մեկն ինքը որոշեր` մեկուսանալու կարիք ունի՞, թե՞ չէ, մեր հեռախոսներն էլ հանգիստ թողեք։

Տեսանյութեր

Լրահոս