Բաժիններ՝

Վարորդները հիմնականում տուգանվել են արտակարգ դրության տեղաշարժման թերթիկը չլրացնելու, դիմակները ծնոտին կամ քթից ներքև կրելու համար

Մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պարետի թիվ 92 որոշմամբ, ի թիվս այլոց, սահմանվել է տրանսպորտային միջոցներում դիմակ կրելու պարտադիր պահանջ, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր։

Ոմանք այն կարծիքին են, որ, եթե  մեքենայում վարորդն ընտանիքի անդամների հետ է գտնվում, ապա նրանց  դիմակ չկրելու համար չպետք է տուգանեն, մյուսների դիտարկմամբ էլ՝ կապ չունի, թե վարորդն ում հետ է մեքենայում, դիմակ պետք է կրի։

Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե նա նո՞ւյնպես այն կարծիքի է, որ մեքենայում ընտանիքի անդամների հետ գտնվող վարորդին դիմակ չկրելու համար չպետք է տուգանեն, և վարչական ակտերը պե՞տք է բողոքարկել, թե՞ ոչ, պատասխանեց․

«Կարծիքս ժամանակավոր չմիջամտելն է։ Արտակարգ դրությունից հետո պատրաստ ենք  բոլորի ակտերն անվճար օգնել, բողոքարկումը կազմակերպել։ Ու համոզմունք ունեմ, որ բոլոր տուգանքների գործն էլ կշահենք։ Որակի հարց է։ Ուղղակի արտակարգ դրությունով պայմանավորված՝ ճիշտ չէ հիմա միջամտելը։ Առանց այն էլ ամեն կերպ կառավարությունը փորձում է պայքարել ու կանխարգելել վարակի տարածումը։ Ամեն դեպքում մի տեսանյութ տեսա, որտեղ վարորդն ասում էր, որ անձնագրերն ու ամուսնության վկայականը հեռախոսի մեջ նկարել-պահպանել է։ Այդ պարագայում,  իհարկե, տրամաբանական չէր տուգանելը։ Ես առողջապահության ոլորտից հեռու եմ, ու իմ միջամտությունն այս դեպքում կդիտեի համարժեք, երբ որ բժիշկները սկսեին փիլիսոփայել երթևեկության կարգավորման մասին։ Ես անձամբ հետևում եմ պարետի հրահանգներին, ստիպում եմ, որ իմ հետ երթևեկողները նույնպես հետևեն։ Վերջիվերջո, մենք Նապոլեոն կամ բժիշկ չենք ու հաստատ իրենցից լավ չենք հասկանում ոլորտից։ Թող սխալված լինեն, բայց այս դեպքում կազմակերպված լինելը լավ բան է։ Թե չէ ամեն տաքսիում ու զրուցարանում մի նոր առողջապահական թեզ է քննարկվում»։

Վարորդների իրավունքների պաշտպանի փոխանցմամբ՝ իրենց օգնությանն ավելի շատ դիմում են այն վարորդները, ովքեր տուգանվել են արտակարգ դրության տեղաշարժման թերթիկը չլրացնելու համար։

Իսկ դիմակների մեծ մասն ուղղակի կրել են ծնոտին կամ քթից ներքև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս