«Առաջին դեմքերի առողջական վիճակի մասին, առավել ևս հիմա՝ բավականին լարված իրավիճակում հայտնելը, այո՛, կարող է Ադրբեջանի համար քարոզչական դաշտում մեծ առավելություն տալ». ադրբեջանագետ
Վերջին շաբաթներում Ադրբեջանում ամենատարբեր հարթակներում Արցախի թեմայի թիրախավորումը, հնչող ռազմական հռետորաբանությունը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի համոզմամբ՝ թելադրվում է իշխանությունների կողմից.
«Իմ ընկալմամբ՝ դա ավելի շատ կեղծ օրակարգ է, որն իշխանությունը վերևից է որպես առօրեական խնդիր փորձում իջեցնել և իմիտացիա անել հասարակության մեջ՝ ավելի սևեռվածությունն Արցախի թեմայի վրա՝ միլիտարիստական հայտարարություններով, որոնք ահագնացել են վերջին շաբաթների ընթացքում և իրենց պառլամենտում հրահրվող թեմայի անընդհատ բարձրաձայնումով:
Ավելի շատ փորձում են իմիտացիոն ֆոն ստեղծել, թե դա կարևոր հարց է, որ շեղի ներքին հասարակության ուշադրությունը կորոնավիրուսի խնդրից, նավթի ցածր գներից և սոցիալական խնդիրներից»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ծայրամասերում արդեն նշմարվում են սոցիալական բունտի նշաններ, հետևաբար, ըստ ադրբեջանագետի՝ ներքին խնդիրները լուծելու համար ընտրվել է իրենց համար բավականին սովորական և ստանդարտ՝ ուշադրությունն առաջնագծի վրա շեղելու տակտիկան:
Հարցին՝ այս լարվածության ֆոնին որքանո՞վ էր նպատակահարմար ՀՀ վարչապետի կողմից կորոնավիրուսով վարակված լինելու փաստի և Արցախի նախագահի կողմից կորոնավիրուսի թեստեր հանձնելու տեղեկության հանրայնացումը, արդյոք վտանգավոր չէ՞, Ա. Էլիբեգովան պատասխանեց.
«Առհասարակ այդ ինֆորմացիայի հանրայնացնելու իմաստն առանձնապես չեմ հասկանում, որովհետև առաջին դեմքերի առողջական վիճակի մասին, առավել ևս հիմա՝ բավականին լարված իրավիճակում հայտնելը, այո՛, կարող է Ադրբեջանի համար քարոզչական դաշտում մեծ առավելություն տալ, և իրենք դա հնարավորինս օգտագործեն:
Սադրանքներ, այսպես թե այնպես, իրենք առաջնագծում անում են պարբերաբար, մենք դա տեսնում ենք, բայց այստեղ նաև քարոզչական դաշտում իրենք կարող են սկսել դա օգտագործել»: