«Ծառ տնկելը ժամանակ ու ահռելի աշխատանք է». ֆերմերը՝ 50 դրամով ծառ տնկելու՝ Կառավարության որոշման մասին
Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների 15-րդ ծրագիրը: Նախատեսվում է ծառատունկ իրականացնել գետերի ափերին և այդ գործում ներգրավել տեղի բնակչությանը: Յուրաքանչյուր ծառի տնկման համար քաղաքացուն կտրամադրվի 50 դրամ:
168.am-ը Արարատի մարզի բնակիչ, ֆերմեր Լևոն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե քանի՞ ծառ է հնարավոր տնկել մեկ օրվա ընթացքում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ գետերի ափերը հիմնականում քարոտ են լինում: «Ես ու որդիս մեր այգում մեկ օրում 250 դեղձի կամ ծիրանի ծառ ենք տնկել, ամեն մեկի համար յուրահատուկ փոս ենք փորել: Բայց սա ժամանակատար ու ահռելի աշխատանք է: Ուզում են աշխատող պահել ու 50 դրամ վճարե՞լ մեկ ծառ տնկելու համար, ես չեմ պատկերացնում: Այդ 50 դրամը շատ սիմվոլիկ գումար է: Ծառ տնկելը երեխա ունենալու պես բան է, միայն հողի մեջ դնելով չէ, տեր պետք է կանգնել դրան ամենաքիչը 3 տարի, մինչև աշխատող ծառ դառնա: Չեմ կարծում, որ որևէ մեկն այդքան աշխատանք կանի այդ սիմվոլիկ գումարի համար»,- ասաց Գրիգորյանը:
Ըստ ծրագրի՝ գետերի ափերին տնկվելու են ուռենու տեղական տեսակներ: Լևոն Գրիգորյանն առաջարկում է՝ փոխարենը պտղատու ծառեր տնկել:
«Գետի ափին ուռենին ի՞նչ է, թող ջուր սիրող պտղատու ծառ տնկեն, պնդուկ թող տնկեն: Մենք ուռենի շատ տեղ ենք ունեցել, դրանք երբ սկսում են բնից փչանալ, նեխել, ինքը բարձրանում է ահագին վերև, դառնում է վտանգավոր»,- ասաց մեր զրուցակիցը:
Իսկ ծրագրի նպատակն է՝ մեղմել կորոնավիրուսով պայմանավորված բնակչության եկամուտների կրճատման հետ կապված հետևանքները: Լևոն Գրիգորյանը վստահ է, որ աջակցության այս ծրագիրը ոչ մեկի եկամուտների կրճատումն էլ չի մեղմելու:
Մեր հարցին, թե մարզերում մարդիկ կթողնե՞ն իրենց հողերն ու կգնա՞ն գետերի ափերին 50 դրամով ծառ տնկելու, Գրիգորյանն արձագանքեց.
«Չեմ կարծում, որ մարզերի բնակիչներն իրենց գործը կթողնեն, կգնան ծառ տնկելու: Դա կլինի հետևյալ կերպ. ինչ-որ մի մարզպետ, գյուղապետ, որ մասնակցի, իրենք իրենց հարազատներին կհավաքեն, ձևի համար, տեսարանի համար կգան, կտնկեն, բայց դա դատարկ բան է, ծառը մշակել է պետք»։
Ինչ վերաբերում է 10 մլն ծառ տնկելու ծրագրին, որից Կառավարությունը ժամանակավորապես հրաժարվել է կորոնավիրուսի պատճառով, Լևոն Գրիգորյանն առաջարկեց, որ ծառատեսակներ ներմուծելու և մեծ գումար ծախսելու փոխարեն՝ կարելի է տնկել, օրինակ, պոպոքի ծառեր, որոնք շատ հեշտությամբ աճում են այնտեղ, որտեղ փոքր-ինչ խոնավություն կա, և այլևս պոպոք ներմուծելու կարիք չի լինի: