Բաժիններ՝

Ինչպե՞ս կարող ենք շահառու դառնալ, չէ՞ որ մենք էլ ընտանիք ունենք․ Երաժիշտներն ու նկարիչները՝ կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի մասին

Պետությունը կօգնի նաև այն ոլորտների ներկայացուցիչներին, որոնք նախկինում դուրս էին մնացել կառավարության ընդունած աջակցության ծրագրերից։

ՀՀ կառավարությունն այսօր ընդունած որոշմամբ հավելումներ կատարեց կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ փոփոխությունների արդյունքում ծրագրից օգտվելու իրավունք կստանա լրացուցիչ 36.000 մարդ:

«Ծրագրում ներառվել են հագուստի, կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների, կահույքի արտադրության, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից ու քարերից զարդերի պատրաստման, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ու նորոգման կետերի աշխատակիցները, ինչպես նաև օդային տրանսպորտի, կինոթատրոնների, լուսանկարչության բնագավառում և ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթի ոլորտում աշխատող քաղաքացիները»,- ասաց Բաթոյանը:

Ծրագրի շահառուներ են հանդիսանում նաև մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի ուսումնական հաստատությունների աշխատակիցները, արվեստի ոլորտի աշխատակիցները, լվացքատների չոր մաքրում կատարող ծառայությունների, տպագրության ծառայություն մատակարարողները:

Երաժիշտ Ավետ Ասլանյանը (Avet Band) չգիտի՝ իրենք այս ծրագրի շահառո՞ւ են, թե՞ ոչ, քանի որ որևէ տեղ որպես աշխատող գրանցված չեն։

«Մեր գործարքները կատարվում են քաղաքացիաիրավական պայմանագրով։ Չգիտենք, թե հիմա այս ծրագրից կարո՞ղ ենք օգտվել, թե՞ ոչ։ Մենք ամեն օր մի տեղ ենք աշխատում։ Չկա մի տեղ, որ մեկ օրվա համար մեզ գրանցեն։ Միայն քաղաքացիաիրավական պայմանագրում նշվում է, որ այսինչ օրն այստեղ ենք աշխատել։ Որոշ ժամանակ առաջ հետաքրքրվել եմ, ասացին, որ այն երաժիշտները, ովքեր գրանցված աշխատողներ չեն,  նրանք չեն ընդգրկվում ծրագրում,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ավետ Ասլանյանը՝ հավելելով,- Ընդունում եմ՝ թերացել ենք նաև մենք, որ չենք գրանցվել, բայց այս պահին ինձ ու մյուս երաժիշտներին մեկ հարց է հուզում՝ ինչպե՞ս կարող ենք շահառու դառնալ ծրագրերից որևէ մեկին, չէ՞ որ մենք էլ ընտանիք ունենք, տանը երեխա կա։ Նշեմ, որ այն ընկերության, օբյեկտի, հյուրանոցի, ռեստորանի կամ փաբի հետ որ պայմանագիր ենք կնքում՝ նրանք հարկ են վճարում։ Մինչ օրս էլ չգիտենք, թե ինչպես պետք է գրանցվենք։ Սպասում եմ, որ համաճարակային այս վիճակը վերջանա, որ գնամ ՊԵԿ՝ հասկանամ, թե այս հարցն ինչպես է հնարավոր կարգավորել»։

Այս 8-րդ ծրագիրը հետաքրքրել է նաև նկարիչներին, սակայն նրանք էլ մեզ հետ զրույցում ասացին, որ գրանցման խնդիր կա, իրենք  դեռ չգիտեն, որ որևէ նկարիչ գրանցված է։

Հ․Գ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց 8-րդ ծրագրի մասին՝ պարզաբանելով, որ միջոցառման արդյունքից կարող են օգտվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս