Բաժիններ՝

280.000 դոլար՝ արբիտրաժային դատարանում ՀՀ շահերը պաշտպանելու համար.  Կառավարությունը որոշման մեջ փոփոխություն  կատարեց

Հայաստանի Կառավարությունը՝ 2019 թվականին ներդրումային արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով ներգրավել է Նյու Յորքում և Վաշինգտոնում գործող Steptoe&Johnson ընկերությանը, որի հետ կնքվել է 280.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիր փաստաբանական և իրավաբանական ծառայություններ մատուցելու համար:

Ըստ պայմանագրի՝ առաջին փուլում մատուցվող փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գնման նպատակով վարչապետի աշխատակազմին դեռևս 2019 թվականին հատկացվել է  125,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, սակայն 125 հազար ԱՄՆ դոլարից 100 հազար ԱՄՆ դոլարը վճարվել է ոչ թե «առաջին փուլում մատուցվող փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գնման նպատակով», այլ «ներդրումային արբիտրաժային գործով արբիտրաժային ծախսերը հոգալու նպատակով», ուստի Կառավարությունն այսօր 2019 թվականի նոյեմբերին ընդունած որոշման մեջ կատարեց հետևյալ փոփոխությունը՝ «առաջին փուլում մատուցվող փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գնման նպատակով» բառերը փոխարինել «թիվ ARB/17/36 ներդրումային արբիտրաժային գործով արբիտրաժային ծախսերը հոգալու նպատակով» բառերով:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) վարույթում գտնվող Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (Edmond Khudyan and Arin Capital & Investment Corp. v. Republic of Armenia) թիվ ARB/17/36 ներդրումային արբիտրաժային գործին:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու դեպքի առթիվ 2011 թ. հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ էր ներգրավվել «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության տնօրեն Վլադիսլավ Մանգասարյանը։

Նախաքննությամբ  պարզվել էր, որ Վ. Մանգասարյանը, 2009 թ. հունիս ամսից փաստացի ղեկավարելով «Արին կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերությունը և տնօրինելով ընկերության ֆինանսական միջոցները, սեփական շահերից ելնելով՝ 2010 թ. ընթացքում «Արին կապիտալ» ՍՊ ընկերության տնօրեն Է.Եսայանին պարտադրել է կնքել փոխառության պայմանագրեր, «Արին կապիտալ» ՍՊ ընկերության գույքի օտարումից ստացված գումարներից 376 452 000 դրամը՝ իբրև փոխառություն, «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության միջոցով հանձնել «Արին կապիտալ» ընկերությանը, իսկ հետագայում վերը նշված պայմանագրերի հիման վրա պահանջ ներկայացնել դատարան և դատարանի որոշմամբ «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունից, որը փաստացի տնօրինել է Վ. Մանգասարյանը, հօգուտ «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության՝ ստացել է նշված գումարին համարժեք տարածքներ:

Այս կերպ, նախաքննական մարմնի գնահատմամբ, Վ. Մանգասարյանն «Արին կապիտալ» ՍՊ ընկերությանը պատկանող գույքի` տարածքների օտարումից առաջացած գումարների ծագման աղբյուրը և պատկանելությունը խեղաթյուրելու եղանակով օրինականացրել է առանձնապես խոշոր չափի` 376 452 000 դրամ գումարի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:

Բացի այդ, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Վ. Մանգասարյանը 2005-2006 թթ. ընթացքում Ա. Հովհաննիսյանի և նրա ամուսնու` Ս. Դոնաթելի վտահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 104 000 ԱՄՆ դոլար:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Մանգասարյանին 2013 թ. մարտի 16-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Սակայն 2019 թվականին մահացել էր Վլադիսլավ Մանգասարյանը, իսկ մինչ այդ նրա նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը համաներում էր կիրառել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս