««Ապօրինի ծագում ունեցող գույքի» վերաբերյալ ընդունված օրենքը և դրան հետևած Ալեն Սիմոնյանի հրապարակային ելույթներն անմիջապես կապված են տեղի ունեցածի հետ». Մակունցի վարկածը

«Բռնության մերժումը, դրա բացառումը մեր հիմնարար արժեքներից և սկզբունքներից է, այսպես է եղել հեղափոխությունից առաջ, հեղափոխության ընթացքում և այսօր է այդպես և միշտ այդպես է լինելու: Սա հարկ եմ համարում ընդգծել, որովհետև կարծում եմ՝ ձեզ մոտ հարցեր կառաջանան մեր վերաբերմունքի առումով՝ բռնության երևույթին առհասարակ: Ուզում եմ վերահաստատել, որ այդ առումով որևէ բան չի փոխվել, և մենք հավատարիմ ենք մնում այդ արժեքին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով երկու օր առաջ Նորատուսում տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գավառի ճանապարհին հնչած կրակոցների հետևանքով երկու հոգի մահացել էր: Կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։

Ձողերով և դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր անել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձինք, և դանակով կտրել են նրանց երկուսի պարանոցները:

Անդրադառնալով երեկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպին՝ Լիլիթ Մակունցը նշեց, որ կարևոր է ընդգծել, որ տվյալ միջադեպը չպետք է դիտարկվի՝ որպես առանձին դեպք, որովհետև այն հետևանք է հանրային սպառնալիքների, բռնության կոչերի, սեռական բնույթի հայհոյանքների, մարդու արժանապատվությունը ոտնահարող հայտարարությունների, որոնք առցանց տիրույթից տեղափոխվել են օֆլայն տիրույթ:

«Կրկնում եմ՝ որևէ կերպ չարդարացնելով և, իհարկե, հավատարիմ մնալով բռնության մերժման արժեքին ու սկզբունքին, այս միջադեպը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում: Ուզում եմ այս շղթայի մեջ դիտարկենք և հիշեցնենք այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել դրանից առաջ, հիշեցնեմ Արթուր Իսպիրյանին, Ստյոպա Սաֆարյանին, Մխիթար Հայրապետյանին և այլոց  առնչվող միջադեպերը: Այստեղ բացարձակապես չշեշտադրելով, այլ բան չկա, քան ՀՀ քաղաքացու արժանապատվության, անվտանգության կարևորությունը: Եթե ՀՀ քաղաքացիների արժանապատիվ ապրելու համար, իրենց ապահով զգալու համար իրավապահ մարմիններին անհրաժեշտ է ավելի մեծ գործիքակազմ, որպեսզի օրենքի շրջանակներում իրականացնեն գործողություններ, ապա ԱԺ-ն այդ առումով պատրաստ է օժանդակելու»,- շեշտեց Լիլիթ Մակունցը:

Նա նշեց, որ միջադեպի վերաբերյալ թե՛ Ալեն Սիմոնյանի, և թե՛ Արթուր Դանիելյանի գործողությունների հետ կապված որևէ իրավական գնահատական չի հնչեցնի և միջադեպը չի դիտարկի որպես առանձին՝ միայն Ալեն Սիմոնյանին առնչվող դեպք:

«Ուզում եմ հիշեցնել, թե երեկ Ալեն Սիմոնյանն ինչ ասաց այդ դեպքի առնչությամբ, նա ասաց, որ ստիպված է եղել նման կերպ արձագանքելու, այսինքն՝ այնպես չէ, որ որևէ մեկը, որևէ բան արդարացնում է, տեղի են ունենում իրավական գործընթացներ, և պարզ կլինի ամեն ինչ»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ երեկ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև Բաղրամյան պողոտայում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որից հետո Ա. Դանիելյանին տեղափոխել էին հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոց էր տեղափոխվել նաև Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ արդեն երկու օր է՝ բոլոր միջադեպերը կապված են Ալեն Սիմոնյանի հետ, քանի որ Արթուր Դանիելյանից առաջ, նրա մասնակցությամբ ԱԺ-ում էր միջադեպ տեղի ունեցել Անի Սամսոնյանի և Էդմոն Մարուքյանի հետ, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ իրականում փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, որ «կարող է հանրային անվտանգության առումով խնդիր առաջանալ կամ նման բան կարող է տեղի ունենալ ցանկացած պաշտոնատար անձի հետ, ով հնչեցնում է այնպիսի տեսակետ, որը չի համընկնում կոնկրետ խմբի տեսակետի հետ»:

«Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին, ապա կարծում եմ, որ հատկապես վերջին օրենքներից մեկը, որն ընդունվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի» վերաբերյալ, և դրան հետևած Ալեն Սիմոնյանի հրապարակային ելույթներն անմիջապես կապված են տեղի ունեցածի հետ: Այո, ակնարկում եմ, որ այս ամենի հետևում այն բոլոր մարդիկ են, ովքեր ապօրինի գույք են ձեռք բերել, և այդ առնչությամբ Ալեն Սիմոնյանի հայտարարություններն իրենց այդքան էլ դուր չեն եկել, կարծում եմ՝ այդ ամենը փոխկապակցված են իրար»,- ընդգծեց Լ. Մակունցը:

Նրա դիտարկմամբ՝ նման դրսևորումները բացարձակապես ոչնչի չեն օգնելու, քանի որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի» վերաբերյալ օրենքն ընդունված է, և այն «ծառայելու է» Հայաստանին:

Հարցին, օրինակ, միջադեպերի մասնակից Էդմոն Մարուքյանը և Արթուր Դանիելյանն ի՞նչ առնչություն ունեն ապօրինի գույք ձեռք բերած մարդկանց հետ, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ չի կարող իրավական գնահատական տալ և ասել՝ ինչ կապ ունեն: Նա նշեց, որ ինքը միայն վարկած է առաջ քաշում՝ ասելով, որ միջադեպն այդ օրենքի հետ է առնչվում:

Տեսանյութեր

Լրահոս