Պետական ջազ-նվագախումբը Ջազի միջազգային օրվա առթիվ նոր ստեղծագործություն է ներկայացրել
Հայաստանի պետական ջազ-նվագախումբը Ջազի միջազգային օրվա կապակցությամբ ունկնդիրների դատին է հանձնել նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի «Ծաղկազարդ» ստեղծագործությունը:
Վերոնշյալ գործի հոլովակը հասանելի է համացանցում:
«Մեծ ջազ-նվագախումբ Big Band. դա տոն է ամեն օր: Դա դրականի, գեղեցկի և սիրո տոն է, իսկ Ջազի միջազգային օրը համաշխարհային երաժշտական տոնական խրախճանքին միանում ենք և զարդարում նոր ստեղծագործությամբ և նոր ձայնագրությամբ:
Վստահաբար այսօր արդեն ոչ թե Pandեմիա այլ՝ Bandեմիա:
Մաղթում ենք առողջություն և լավ տրամադրություն»,-ասվում է նվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ:
2011 թվականի վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև՝ համաձայն որի 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր:
Ներկայումս բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ և մասնավոր անձինք աջակցում են ջազի զարգացմանը: Այդ գործում նրանց համար հավելյալ «գործիք» է դարձել Ջազի միջազգային օրը: