Եթերը մաքրելու ենք, թեկուզ դրա համար ինձ անվանեցիք ծայրահեղ պոպուլիստ, բայց անելու ենք. Մխիթար Հայրապետյանը՝ Տիգրան Հակոբյանին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն Ազգային ժողով է ներկայացրել 2019 թվականի իր գործունեության և հեռուստատեսությունում ու ռադիոյում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը, որն այսօր քննարկվեց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը տարեկան հաղորդումը խորհրդարանականներին ներկայացնող Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեց՝ երբ է մաքրվելու եթերը:

«Անորակ սերիալներ, ոչ նորմատիվային լեքսիկոն, բովանդակային, մշակութային հաղորդումների բացակայություն: Մարդիկ մեզանից պահանջում են մաքրել եթերը և հարցնում են, թե երկու տարվա ընթացքում որքանով ենք մաքրել եթերը: Սա ոչ թե պոպուլիստական, այլ սպառողների կողմից հարց է: Մյուս կողմից, ենթադրենք՝ նացիստական մի ուժ է եկել, ցանկանում հետուստաընկերություն առնել, մեր երկրի շահերին վնասել,  մենք ինչպե՞ս ենք այս ամեն ինչը վերահսկելու»,- դիմելով Տիգրան Հակոբյանին՝ հարցեց Հովհաննիսյանը:

Ի պատասխան՝ Տիգրան Հակոբյանն ասաց, որ խոսքի ազատությունը հիմնարար իրավունք է, որն այսօր մտնում է բախման մեջ հարցի հետ՝ որքանո՞վ է մարդը կարողանում ստանալ անկողմնակալ և ճգրիտ ինֆորմացիա:

«Նոր օրենքով կարգավորվում է մարդու՝ օբյեկտիվ ինֆորմացիա ստանալու իրավունքը, և ցանկացած հեռուստատեսություն բովանդակային սահմանափակում է ունենալու: Ինչ վերաբերում է  հեռուստաեթերը մաքրելուն, ապա չկա նման հասկացություն, դա ծայրահեղ պոպուլիստական է, չկա նման սահմանում՝ ինչից մաքրել, ինչպես մաքրել, ինձ  սահմանումները տվեք, որովհետև մեկը սեռական փոքրամասնությունների քարոզը համարում է անբարոյականություն, մյուսը՝ մարդու իրավունքների պաշտպանություն: Եթերը պետք է ոչ թե մաքրվի, այլ կանոնակարգվի, և նոր օրենքով նշվում է այն մինիմալ հանրօգուտ բովանդակության ծավալը, որը պետք է հեռուստաընկերություններն ապահովեն»,- ասաց Տիգրան Հակոբյանը:

Նիստը վարող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն արձագանքելով՝ նշեց. «Քանի որ վերջին տարվա մեջ ես ամենաշատն եմ հնչեցրել «Եթերը մաքրելու ենք» արտահայտությունը, ինձ արդյունքում Դուք անվանեցիք ծայրահեղ պոպուլիստ, բայց ես չեմ նեղանում: Այսօր եթերը լցված է աղբով, և կրկնում եմ ՝ մեր քաղաքական գիծը տանում է նրան, որ մենք մաքրելու ենք»:

Տեսանյութեր

Լրահոս