«Չեմ կարծում, որ ոստիկանապետը լինի որևէ հաստատությունում և որևէ մեկի կյանքի նկատմամբ նման ոստնձգություն լինի՝ սա պարզաբանումների կարիք ունի». Անի Սամսոնյան

«Այս պահին ընդհանուր նկարագրություն չենք կարող տալ դեպքերին, քանի որ ցանկացած դեպք ունի իր պատճառը, և մանրամասն պետք է քննեն հանգամանքները, հասկանալու, թե ինչու է տեղի ունեցել նման բան»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչի՞ հետևանք էր երեկ Նորատուսում տեղ ունեցած միջադեպը:

Հիշեցնենք, որ երեկ Գավառի ճանապարհին հնչած կրակոցների հետևանքով երկու հոգի մահացել էր: Կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Ձողերով և դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր անել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձինք, և դանակով կտրել են նրանց երկուսի պարանոցները:

Անի Սամսոնյանը հշեցրեց, որ դեռևս երկու տարի առաջ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում  և ասել, որ  վիրտուալ տարածքում այն ատելությունն ու ագրեսիան, որը գեներացվում է, կարող է մի օր տեղափոխվել իրական կյանք:

«Գրառումից հետո ինձ մեղադրեցին պաթոսի և պոպուլիզմի մեջ, իմ գրածն իրականում այդպես է, որովհետև եթե հասարակության մեջ կա գեներացված ատելություն, անհանդուրժողականություն, ցանկացած, նույնիսկ աննշան վեճի ժամանակ դա կարող է ի հայտ գալ: Սա հեծանիվ չեմ հորինում, սա սոցիումի հոգեբանության հայտնի գիտական վերլուծություններ են»,- շեշտեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ոստիկանապետի հրաժարականի պահանջներին, Անի Սամսոնյանը նշեց, որ Նորատուսի դեպքի հետ կապված տեղեկությունները շատ հակասական են, ուստի եղած բոլոր փաստերը ևս մեկ անգամ վերլուծել ու հասկանալ է անհրաժեշտ, նաև պետք է ճշտել, թե քանի հոգի են հարձակվել հիվանդանոցի վրա:

«Նաև չեմ կարծում, որ ոստիկանապետը լինի որևէ հաստատությունում և որևէ մեկի կյանքի նկատմամբ նման ոտնձգություն լինի, սա դեռ պարզաբանումների կարիք ունի: Պետք է բոլոր փաստերը համադրել և ստանանք պատասխաններ, թե արդյո՞ք այս ամենը կարող է հանգեցնել կադրերի փոփոխության, թե՞ ոչ: Այն, որ մեր ոստիկանությունն ունի պրոֆեսիոնալիզմի, վերապատրաստման լուրջ կարիք, բոլորին է հայտնի, դրա մասին անընդհատ խոսել ենք: Բայց ինչպես տեսնում եմ, երկու տարվա ընթացքում մենք քիչ ենք աշխատել, բայց անընդհատ ասում ենք՝ բարեփոխում, բարեփոխում»,- եզրափակեց Անի Սամսոնյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս