Լավրովին պատասխանում են շամանությամբ

Երբ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը մեզ շարունակաբար խաբել է ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հարցում, իսկ դրան հետևեցին Հայաստանի ԱԳ նախարարի «կրուտիտները», ռուսական «Գազպրոմը» տեղեկացրեց, որ ով գազի փողը չմուծի, անջատելու են։ Հևիհև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հազիվ հասցրեց տեղեկացնել, թե իրենք են որոշել, որ վիճակն այլևս կրիտիկական չէ, և չնայած վարչապետն ասել էր, որ կոմունալ վճարումները կհետաձգվեն, հիմա արդեն անցել է ֆորս-մաժորը, և խնդրեմ, գնացեք ու վճարեք։ Համապատասխանաբար, պարետն էլ հանեց անցակետերը և, ըստ էության, վերացրեց սահմանափակումների մեծ մասը։

Համապատասխանաբար, առողջապահության նախարարն էլ շարունակում է անվրդով զեկուցել այն մասին, որ հիվանդների թիվը գնալով ավելանում է, և ոչ մի բան էլ չի լավացել, այլ միայն վատացել է։ Կարելի է մեղադրել Ռուսաստանի ԱԳ  նախարարին, որի պատճառով Հայաստանը ստիպված է հրաժարվել կարանտինի ռեժիմից, սակայն, եթե ավելի ազնիվ լինենք, այս ամենի մեջ կտեսնենք Հայաստանի իշխանությունների մեղքի մեծ բաժինը։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կողմից երկու տարի շարունակ ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ տարածած ապատեղեկատվության պատճառով հիվանդացողների թիվը շատանալու է, ոմանք էլ մահանալու են։

Հայաստանի քաղաքացիները տարակուսանքի մեջ են՝ չէ՞ որ իրենց զեկուցվել էր, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի են՝  բոլորս ենք տեսել, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը ձեռքով է բարևում Նիկոլին, անգամ՝ թփթփացնում ուսին, ուրեմն՝ ի՞նչ եղավ։

Իրականում հայ-ռուսական հարաբերությունները չափազանց ցածր մակարդակում են, և երբեք Հայաստանն այսքան միակողմանի կախված չէր եղել Ռուսաստանից։

Իր իշխանության 2 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր քայլերով Հայաստանին կանգնեցրել է այս հանգրվանի առաջ։ Մինչդեռ, կարծես թե մենք ականատես եղանք քայլերի, որով նա ավելի էր ընդգծում Հայաստանի սուվերենությունը, ասենք, Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ետ կանչելը, կամ Պուտինին երևանյան այցի ժամանակ չդիմավորելը, էլ չենք խոսում՝ ղարաբաղյան բանակցություններում մեր դիրքորոշումների, հայ-ռուսական հարաբերությունների ոչ պաշտոնական կանալներից հրաժարվելու, չմտածված կադրային նշանակումների, շատուշատ այլ զարգացումների մասին, որոնք միասին կազմում են «քաղաքականություն» կոչվածը։

Հետո այս անհեթեթությունները չեզոքացնելու համար Նիկոլ  Փաշինյանը ստիպված էր հայկական զորախումբ ուղարկել Սիրիա, ռուսներին թույլատրել մուտք գործել  Հայաստանում գործող ամերիկյան լաբորատորիաներ, և այլն։

Արդյունքում՝ ոչ միայն կտրուկ ավելացավ կախվածությունը Ռուսաստանից, այլև վատացան հարաբերություններն Արևմուտքի հետ, ինչն իր հերթին՝ ավելի խորացրեց Մոսկվայից կախվածությունը։

Իհարկե, սխալ կլինի պնդելը, թե նախկինում Հայաստանի իշխանությունները վարում էին լրիվ անկախ արտաքին քաղաքականություն, մի անգամ չէ, որ նրանք քննադատվել են ԵԱՏՄ մտնելու, կամ ռուսական բազայի գոյության համար վճարելու համար, սակայն պարզ էր, որ նախկինները երբեք քյալլագյոզ քայլեր չէին անում, փորձում էին հնարավորինս հարաբերություններ պահպանել Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ, և դրա շնորհիվ է, որ ունեինք ամերիկյան օգնությունն Արցախին, կամ CEPA-ն ԵՄ-ի հետ, և այս ամենն արվել է Մոսկվայի հետ համաձայնեցված կամ միշտ հաշվելով նրա քայլերը, և ոչ թե հարաբերությունները կառուցվել են ցանցառություններով ու անկանխատեսելի չարաճճիություններով։ Եվ Ռուսաստանի հետ բարդացումների դեպքում միշտ հնարավորություն կար դիմելու Արևմուտքին, մեկը կքննարկեր հարցերը Պուտինի հետ, մյուսը ֆինանսապես կօգներ դիմակայելու առաջացած խնդիրներին։ Ի վերջո, դասագրքային ճշմարտություն է, որ փոքր երկրներն իրենց անկախությունը կարող են պահել մուլտիլատերալիզմի միջոցով։

Հիմա, եթե դիմենք Եվրոպային, նա, բնականաբար, կասի՝ հարգելիներս, ի՞նչ եղավ CEPA-ն, կամ կասի՝ հիշո՞ւմ եք, որ սխալ էիք թարգմանում Վենետիկի հանձնաժողովի նամակները։ Եթե դիմենք Վաշինգտոնին, նա լայն բացած աչքերով կհարցնի՝ ներողություն, իսկ դուք ո՞վ եք, այն օրվանից, ինչ զորքերն ուղարկեցիք Սիրիա, մենք ձեզ չենք ճանաչում։ Իրանին դիմելն ընդհանրապես անիմաստ է, նա լուրջ չի ընդունում սրանց։

Մնում է լռելը, գազի անջատումներից բողոքող քաղաքացիներին բերման ենթարկելը, իսկ իշխանական քարոզիչներն էլ, որոնք հպարտաբար իրենց քաղաքագետներ են կոչում, սկսում են զբաղվել շամանիզմով՝ փորձելով իջեցնել գազի գինը՝ Մոսկվային ու Պուտինին հայհոյելով։

ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս