Ինչու է Կառավարությանը բյուջեի պահուստային ֆոնդից օգտվելու անսահման հնարավորություն տրվում. Արկադի Խաչատրյան

Կառավարությունն Ազգային ժողովին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է Կառավարությանը հնարավորություն տալ բյուջետային ծախսերի անսահմանափակ փոփոխություններ իրականացնել:

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նախագիծը խորհրդարանի համաձայնությանը ներկայացնող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Կառավարությունն առաջարկում իրեն տալ բյուջեում վերաբաշխումներ իրականացնելու և  պահուստային ֆոնդի օգտագործման անսահմանափակ հնարավորություն, որն ըստ պատգամավորի՝ հիմնավորված չէ, բացի այդ, ինչո՞ւ հստակ սահմանաչափ դրված չէ:

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց.

«Պայմանավորված իրավիճակի՝ բնականոնից տարբեր լինելով, մենք չունենք գնահատական, թե ինչ չափով է հնարավոր կատարել վերաբաշխում: Կարծում ենք՝ հաշվի առնելով բոլոր միջոցառումների հրապարակային լինելու հանգամանքը և դրանց ազդեցության գնահատականները՝ թափանցիկության կորուստ մենք չենք ունենա»:

Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր բյուջեի փոփոխությամբ առաջարկվող 150 միլիարդ դրամի ներարկմանը՝ տնտեսության մեջ:

«150 միլիարդը նման ծանր ճգնաժամային իրավիճակում արդյո՞ք համարում եք բավարար ներարկման համար»,- հարցրեց Խաչատրյանը:

Ի պատասխան՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ մինչ անդրադառնալը հարցին՝ 150 միլիարդը շատ է, թե քիչ, պետք է նախ հասկանալ՝ արդյո՞ք տնտեսությունը կարող է կլանել այդ միջոցները, հետևաբար՝ կարծում է, որ 150 միլիարդ դրամն այս պահին բավարար է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս