ԱՄՆ-ում աճում է գործազրկության մակարդակը

Կորոնավիրուսի պատճառով ուժի մեջ մտած սահմանափակումների ու արգելքի hետևանքով ԱՄՆ-ում կտրուկ աճել է գործազրկության մակարդակը, տնտեսությունը կրել է չափազանց մեծ կորուստներ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Ինչպես նշել է տնտեսության հարցերով Սպիտակ տան խորհրդական Քևին Հասեթը, սա ԱՄՆ-ում երբևէ գրանցված բացասական ամենամեծ ցնցումն է: Ըստ նրա՝ գործազրկության մակարդակը կարող է իջնել «Մեծ ճգնաժամի» տարիների մակարդակին:

Քևին Հասեթը հիշեցնում է, որ տնտեսական ու ֆինանսական անկման տարիներիին՝ 2008 թվականին, գործազրկությունն ԱՄՆ-ում կազմում էր մոտ 9 միլիոն: Այսօր արդեն այստեղ պաշտոնապես գրանցվել է 26 միլիոն գործազուրկ, ինչի պատճառով մի շարք նահանգների ղեկավարներ երկրի Կոնգրեսին կոչ են անում ֆինանսական հատկացումների ծրագրեր մշակել նահանգների համար:

Հանրապետական կոնգրեսականներից շատերն ու Սպիտակ տան տնտեսագետները նախազգուշացնում են, որ արդեն իսկ երկու տրիլիոն դոլար դուրս գրվելուց հետո նոր հատկացումներն ավելի կմեծացնեն դաշնային պարտքը:

Տնտեսագետ Հասեթի խոսքով, ամեն մի քայլ հիմա հարկավոր է շատ զգույշ կատարել ու ընդունել մեծապես կշռադատված որոշումներ, առանց քաղաքական հիմքերի:

Մյուս կարևորագույն հարցն այստեղ թեստավորումներն են, որոնք, ըստ փորձագետների, պետք է մեծ թափ առնեն՝ մինչեւ տնտեսության լիակատար աշխատանքների վերսկսումը:

Նահանգապետները, որոնք կանգնած են սահմանափակումները կրճատելու կամ անփոփոխ պահելու շատ մեծ երկընտրանքի առջեւ, փորձում են զգուշություն ցուցաբերել: Կոնգրեսականները ոչ միայն փորձում են գտնել առողջության ու տնտեսության միջև ոսկե միջինը, այլ նաև անցնելու են քաղաքական պայքարի նոր փուլով, երբ նախագահական ընտրություններին մնացել է միայն մի քանի ամիս:

Տեսանյութեր

Լրահոս