«Ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսի սկզբին՝ առաջին տասնօրյակի ընթացքում». ԿԳՄՍ նախարար
«Հարցը շատ ենք քննարկել և ընտրել ենք օպտիմալ տարբերակը: Ըստ ընթացակարգի, միասնական քննությունների համար դիմորդները նախնական հայտերը լրացրել են մինչև մարտի 15-ը, բայց քանի որ ընթացակարգի փոփոխություն է տեղի ունենում, ապա անհրաժեշտ է հայտերի փոփոխության և ճշգրտման ժամանակ տալ թե՛ արդեն հայտագրվածներին, թե՛ նախորդ տարիների շրջանավարտներին և այն դիմորդներին, որոնք նպատակադրվել էին դիմել այլ բուհեր, որոնց քննություններն անորոշ ժամանակով հետաձգվել են: Ընդ որում, առաջարկվում է միավորել քննությունների հայտագրման գործընթացը բուհեր դիմելու դիմում-հայտեր լրացնելու գործընթացի հետ»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով բուհերում ընդունելության քննություններին:
Նախարարը տեղեկացրեց, որ մայիսի 25-ից դիմորդներին հնարավորություն կտրվի հայտագրվելու մինչև հունիսի 15-ը, միևնույն ժամանակ՝ դիմորդները հնարավորություն կունենան ընտրելու թե՛ քննական առարկան, թե՛ բուհն ու մասնագիտությունը: Մինչև մարտի 15-ը մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվեն քննությունների համար վճարված գումարները փոխանցման միջոցով:
«Այսինքն՝ արդեն հասկացանք, որ հանձնելու ենք մեկ քննություն: Մենք հիմա առաջարկները ստացել ենք բուհերից, բայց դրանք քննարկելու ենք, դրանք վերջնական չեն և մինչև ամսի 30-ը կասենք, թե որ մասնագիտության դեպքում, որն է լինելու միակ առարկան: Լուծել ենք նաև տեղաշարժի խնդիրները, այսինքն՝ ամբողջ հանրապետությունով մեկ իրականացնելու ենք այդ քննությունները ոչ զանգվածային կերպով, այսինքն՝սահմանափակ դիմորդներ կլինեն մեկ տարածքում դիմակներով, ախտահանման միջոցներով, և այլն:
Քննությունները կհանձնեն հուլիսի սկզբին՝ առաջին տասնօրյակի ընթացքում, այս հետաձգումն ինչ-որ չափով արել ենք, որպեսզի այն խնդիրները, որոնք եղել են արտակարգ դրության ժամանակ, կարողանան վերականգնել կամ ամրացնել այն գիտելիքերը, որն ունեցել են:Իսկ հայտերը կընդունվեն էլեկտրոնային եղանակով»,- շեշտեց Ա. Հարությունյանը:
Ըստ նախարարի՝ ապրիլի 30-ից սկսած դիմորդները լիարժեք երկու ամիս ունենալու են քննություններին պատրաստվելու համար:
Ինչ վերաբերում է բանավոր քննություններին, ապա այն չի անցկացվելու, սպորտի և արվեստի բուհերի մասնագիտական քննությունների դեպքում էլ մեկ միասնական քննություն կանցկացվի:
«Մագիստրատուրա ընդունվելու համար ժամկետներ էին սահմանված հուլիսի 5-20-ը, առաջարկել ենք գործընթացը սկսել նախատեսվածից մեկ շաբաթ ուշ՝ այսինքն՝ հուլիսի 16 -30-ը: Ասպիրանտուրա ընդունվելու գործընթացի մասով առաջարկում ենք կասեցնել մրցութային չհանդիսացող օտար լեզու, ինֆորմատիկա և տեղեկատվական հաղորդակցական հիմունքներից ստացած համապատասխան միավորը հավաստող վկայականի կամ տեղեկանքի ներկայացման պահանջը: Առաջարկում ենք գործընթացն իրականացնել հունիսի 16-30-ը:
Քոլեջներում և ուսումնարաններում ընդունելությունը կատարվելու է օգոստոսին՝ հիմնականում ատեստատների գնահատականներով, բացի արվեստի և առողջապահական հաստատություններից, որտեղ իրականացվում է մեկական քննություն նույն սկզբունքներով, ինչ բուհերի ընդունելության քննության ժամանակ, հայտերի ընդունումը նույնպես իրականացվելու է էլեկտրոնային եղանակով»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը: