Հավաստիացնում եմ, որ կլինեմ յուրաքանչյուր արցախցու նախագահը և կանեմ առավելագույնը բոլոր ընտրողների ու ողջ հայության հույսերն արդարացնելու համար. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել նախագահի ընտրություններում ստացած շնորհավորական ուղերձների, նամակների, հեռախոսազանգերի համար և հայտնել, որ լինելու է յուրաքանչյուր արցախցու նախագահը և կանի առավելագույնը, որպեսզի արդարացնի բոլոր ընտրողների ու ողջ հայության հույսերը: Արայիկ Հայրությունյանի գրառումն ամբողջությամբ ներյակացնում ենք ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում ժողովրդի վստահության բարձր քվեին արժանանալու առթիվ ստացել եմ բազմաթիվ շնորհավորական ուղերձներ, նամակներ, հեռախոսազանգեր: Խոստովանեմ, որ յուրաքանչյուրիդ բարեմաղթանքները յուրովի ջերմություն են փոխանցել ինձ, որոնք նաև պարտավորեցնող են: Ուզում եմ հավաստիացնել, որ կլինեմ յուրաքանչյուր արցախցու նախագահը և կանեմ առավելագույնը բոլոր ընտրողների ու ողջ հայության հույսերն արդարացնելու համար: Անկասկած, դրան ի զորու ենք լինելու հասնել հավաքական ջանքերով ու պատասխանատվությամբ՝ յուրաքանչյուրն իր կարողությունների չափով: Այնպես որ ձեզնից յուրաքանչյուրից, որպես հավաքական ներուժի անբաժանելի մասնիկներից, ես ինքս էլ ակնկալիքներ ունեմ՝ պատմության երթում արձանագրելու այնպիսի հաջողություններ, որոնց մասին չենք էլ երազել:
Միաժամանակ հայցում եմ բոլոր այն մարդկանց ներողամտությունը, որոնց նամակներին կամ հեռախոսազանգերին ժամանակի սղության պատճառով ի վիճակի չեղա պատասխանելու: Երախտագիտության ու պարտավորվածության խոսքս ուղղում եմ ամեն մեկիդ: Առո՛ղջ եղեք»: