Բաժիններ՝

«Նեմրա» խմբի մենակատար Վանը պատմել է ցեղասպանությունից մազապուրծ նախապապերի մասին

«Նեմրա» ռոք խմբի մենակատար Վան Եղիազարյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ներկայացրել է 1915 թվականին Մեծ եղեռնից փրկված նախապապերի պատմությունը:

Երգիչը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով նախապապերը Վանից գաղթել են Արևելյան Հայաստան:

«Նրանց տունը գտնվում էր Փշավան գյուղում (Փշավանք, Փշավանց), Նարեկավանքի մոտ, որտեղ սովորել է Գրիգոր Նարեկացին (Վանա լճի հարավ արևելյան ափին), ասում են, որ այնտեղից լսվում էին նաև Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու զանգերի ղողանջները: 1915-ին թուրքերը սպանել են պապիս պապին:
Նրա ընտանիքին Արևելյան Հայաստան է հասցրել նրա եղբայրը՝ Մուրադը, որի անունով հետագայում կոչել են հորս:

Նաև ունեցել են քույր, որին որդեգրել են ամերիկացիները, բայց, ցավոք, կապը չի պահպանվել: Սա այն ամենն է, ինչ հասել է ինձ»,-նշել է Վանը:

Նա ընդգծել է, որ հավանաբար բոլորին պարզ է, թե ինչու են ծնողներն իրեն Վան անվանել, իսկ եղբորը՝ Վասպուր:

«Շատ եմ մտածել այնտեղ գնալու մասին, բայց դեռ հոգեպես պատրաստ չեմ տեսնելու մեր հայրենիքը՝ օտարացված ու ավերված:
Ինչքան էլ որ Թուրքիայի կարմիր դրոշը ենթագիտակցությանս մեջ ասոցացվում է մեր արյան հետ, փոքրուց սարսուռ եմ զգացել սպիտակ կիսալուսնով ու աստղերով կարմիր դրոշի հանդեպ, բայց, միևնույն է, իմ կարծիքով, դրոշ վառելը, բոլոր թուրքերի մահը ցանկանալը և նմանատիպ այլ դրսևորումներ ավելի շատ սազական են մեր հանդեպ ցեղասպանություն գործածներին:
Այդպիսի քայլեր անելով՝ ավելի վնաս է հասցվում աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և ջուր է լցվում թուրքական քարոզչամեքենայի ջրաղացին:

Օսմանյան կայսրությունը ձախողեց հայերի բնաջնջման իր ծրագիրը և ինչքան էլ փորձեն նենգափոխել պատմությունը, միևնույն է, ամեն հայի հետ ճշմարտությունը կապրի:

Իսկ ցեղասպանությունները դեռ կշարունակեն տեղի ունենալ աշխարհի տարբեր վայրերում, քանի դեռ աշխարհը լուռ է և կույր է ձևանում»,- շեշտել է Վան Եղիազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս