«Եթե, դիցուք, սպառողի գազն անջատել են՝ ցավոք, նա դիմելու տեղ չունի, միակ բանը, որն այս պահին կարող է անել՝ Կառավարությունն է, որը չպետք է թույլ տա, որպեսզի սպառողը հայտնվի անելանելի վիճակում». Կարեն Չիլինգարյան
Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, որով հայտնում էր, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս-մաժորը վերացած է, ուստի կոչ են անում նախկինում չվճարած պարտքերը վճարել:
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բոլոր բնակիչ- բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջինների կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս-մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարում է վերացած։
Նշվածը, սակայն, չի սահմանափակում սպառողի իրավունքը՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան հիմնավորումների պարագայում դիմել մատակարարին կոմունալ ծառայությունների դիմաց չվճարումը, պայմանագրի համաձայն, ֆորս-մաժորի հետևանք համարելու և մատուցվող ծառայությունը չդադարեցնելու համար։ Նշված գործընթացը կգտնվի հանձնաժողովի վերահսկողության ներքո։
Հաշվի առնելով նշվածը՝ հանձնաժողովը կոմունալ ծառայությունների անխափան և հուսալի մատակարարման նպատակով հորդորում է բոլոր բաժանորդներին կատարել վճարումները»,- նշված էր հայտարարության մեջ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությանը՝ նույն կոչով և չվճարումների դեպքում անջատումների մասին զգուշացումներով, հետևեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, ապա նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հայտարարությունները։
Երեկ 168.am-ին «Վեոլիա Ջուր»-ՓԲԸ-ի Հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանն ասել էր, որ խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության համար վերջնաժամկետ սահմանելու հարցը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում այս պահին քննարկվում է: «Չի բացառվում, որ վաղը պաշտոնական հայտարարություն տարածենք, որովհետև կան նրբություններ, որոնք գուցե պետք լինեն նշելու: Բայց ընդհանուր առմամբ մեր մոտեցումը համագործակցությունն է մեր բաժանորդների հետ, որոնց համար մենք աշխատում ենք»,- ասել էր նա:
168.am-ի հետ զրույցում «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն անդրադառնալով ՀԾԿՀ-ի հայտարարությանը՝ նշեց, որ սխալ է հայտարարել, թե ֆորսմաժորային վիճակն ավարտվել է, եթե երկրում արտակարգ դրություն է, և մեկուսացման գործընթացը շարունակվում է:
«Ինչի՞ հիման վրա է վերացվել ֆորս-մաժորը, այն ինչպե՞ս է վերացվել: Ցավոք, գազը ներկրվող ապրանք է, և գազի հետ կապված՝ Հայաստանում ունեն պարտավորություններ Ռուսաստանի իրենց գործընկերների հանդեպ, վճարումներ չկատարելու դեպքում նրանք կարող են պատժամիջոցներ կիրառել կամ անջատել գազը, սա է մեզ մոտ խնդիրը:
Ամբողջ համակարգը ռուսական է համարվում, բայց ինչո՞ւ, երբ Ռուսաստանում այդ խնդիրը կա, մարդկանց գազը չեն անջատում, նրանք պարտք են մնում ընկերությանը և աստիճանաբար վճարում, ինչը, ցավոք, մեզ մոտ չի կիրառվում, և պայման են դնում, որ չվճարման դեպքում բնակարանը կգազազրկեն»,- ասաց Կարեն Չիլինգարյանը:
Նրա խոսքով՝ այս հարցն ամենաբարձր մակարդակով Հայաստանը պետք է քննարկի Ռուսաստանի գործընկերների հետ, այդ թվում՝ ՌԴ կառավարության հետ, որպեսզի հարցն ինչ-որ կերպ հետաձգվի, մինչև այս վիճակն ինչ-որ կերպ կկարգավորվի, հատկապես, երբ առաջիկայում տաք օրեր են սպասվում, մարդիկ գազ քիչ կօգտագործեն, ի վիճակի կլինեն պարտքերն աստիճանաբար մարել:
«Այս հնարավորությունն այսօր չեն տրամադրել մեր սպառողին, որի պարագայում էլ սպառողներից շատերի մոտ առաջանալու են մեծ խնդիրներ: Եթե պարետը չի հայտարարել, որ ֆորսմաժորային վիճակն ավարտվել է, ապա ինչի՞ց են ենթադրում, որ այժմ նման վիճակ չկա, այս հայտարարարությունը ճիշտ չէ: Մարդիկ չեն աշխատում, վճարունակ չեն, ուստի այս հարցն ինչպե՞ս է լուծվելու, անկեղծ, չգիտեմ՝ ինչ պետք է անի սպառողը, եթե սկսեն համատարած անջատել գազի մատակարարումը»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ին և «Վեոլիա Ջուր»-ՓԲԸ-ին, Կարեն Չիլինգարյանը նշեց, որ այստեղ էլ խնդիր կա, քանի որ, եթե գազը ներկրվող ապրանք է, ապա ջուրն ու էլեկտրաէներգիան տեղական ապրանք է: Այս ընկերությունների սեփականատերերը Հայաստանի քաղաքացիներ չեն՝ ՀԷՑ-ը հանդիսանում է ՌԴ քաղաքացու սեփականություն, իսկ «Վեոլիա Ջուրը» վարձակալության պայմաններում ֆրանսիացիներինն է:
«Չեմ բացառում, որ այստեղ էլ սպառողների մոտ կարող են խնդիրներ առաջանալ, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ այս ոլորտները պետք չէր նման հեշտ ձևով տալ օտարերկրացուն»,- հավելեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահը։
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում Կառավարության անելիքներին, Կարեն Չիլինգարյանը նշեց, որ Կառավարությունը պետք է սկսի ինտենսիվորեն աշխատել, այնպես, որ կնքվեն որոշակի պայմանագրեր, այդ կառույցների հետ գան ընդհանուր պայմանավորվածության, այսինքն՝ պետք է քայլ կատարի, որպեսզի սպառողներին հանի ստեղծված բարդ իրավիճակից:
«Ջուրն ինչ-որ տեղ չեն կարող անջատել, այն մարդկանց բնակարաններում է, և չեն կարող պարզապես ներխուժել ու անջատել, բայց գազն ու էլեկտրաէներգիան դրսում են և մեկ վայրկյանում կարող են անջատել: Եթե, դիցուք, սպառողի գազն անջատել են, նա որևէ տեղ չի կարող դիմել, ցավոք, նա դիմելու տեղ չունի, միակը, որն այս պահին կարող է անել՝ Կառավարությունը, նրա աշխատանքը, չպետք է թույլ տա, որպեսզի սպառողը հայտնվի անելանելի վիճակում»,- եզրափակեց Կարեն Չիլինգարյանը։