«Վեոլիա Ջուր»-ը քննարկում է խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության համար վերջնաժամկետ սահմանելու հարցը. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունից հետո, թե կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս-մաժորը համարվում է վերացված, «Գազպրոմ Արմենիա»-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը հայտարարություններ տարածեցին՝ քաղաքացիներին կոմունալ վճարումները կատարելու համար ապրիլի 22-ից՝ գազի դեպքում՝ եռօրյա, էլեկտրական հոսանքի դեպքում՝ հնգօրյա ժամկետներ տալով։ Միևնույն ժամանակ իրազեկելով, որ վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազի և էլեկտրական հոսանքի մատակարարումները սահմանված կարգով կդադարեցվեն:
Խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության համար վերջնաժամկետ սահմանելու հարցը Վեոլիա Ջուր ՓԲԸ-ում այս պահին քննարկում են: 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց «Վեոլիա Ջուր»-ՓԲԸ-ի Հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը:
«Չի բացառվում, որ վաղը պաշտոնական հայտարարություն տարածենք, որովհետև կան նրբություններ, որոնք գուցե պետք լինեն նշելու: Բայց ընդհանուր առմամբ մեր մոտեցումը համագործակցությունն է մեր բաժանորդների հետ, որոնց համար մենք աշխատում ենք»,- ասաց Մուրադ Սարգսյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ անկախ հայտարարված ֆորսմաժորային իրավիճակից, ընկերությունը երբեք որևէ մեկին ջրանջատում չի արել, եթե դա, իհարկե, ակնհայտ ապօրինություն չի եղել։
«Մենք միշտ հակված ենք եղել համագործակցել մեր բաժանորդների հետ, որովհետև մենք աշխատում ենք բաժանորդների համար: Ուրիշ է, որ ակնկալում ենք համապատասխան վերաբերմունք մեր նկատմամբ, որովհետև այն գումարը, որ մենք ստանում ենք վարձավճարի տեսքով, իսկ դա մեր եկամտի միակ աղբյուրն է, ի վերջո, բարելավված ծառայության, կանոնավոր ջրամատակարարման միջոցով վերադարձնում ենք նույն քաղաքացիներին: Մենք մի շղթայի տարբեր օղակներ ենք»,- ասաց «Վեոլիա Ջուր»-ՓԲԸ-ի հանրային կապերի բաժնի պետը:
Մուրադ Սարգսյանի խոսքով՝ ակնկալում են, որ քաղաքացիները գիտակից կլինեն, կօգտագործեն էլեկտրոնային վճարման գործիքներն ու կշարունակեն վարձավճարները մուծել:
«Մենք ակնկալում ենք, որ մեր քաղաքացիները թույլ չեն տա, որ այնպիսի գումարներ կուտակվեն, որը մենք ճարահատյալ կարիք կունենանք վարչական մեթոդների դիմել՝ հասանելիքը գանձելու համար:
Ի վերջո, ջրամատակարարումը հանրային ծառայություններից ամենաէժանն է մնում այսօր և, թերևս, ամենակարևորը: Եվ ակնկալում ենք, որ մեր քաղաքացիները, երբ գնում են գազն ու լույսը վճարելու, չզլանան, նաև ջրի համար մուծեն: Չէ՞ որ մեր ռեսուրսներն էլ անբավ չեն: Մենք էլ ենք հարկատու»,- ասաց Մուրադ Սարգսյանը՝ նշելով, որ ընկերությունը տարեկան 4,5 մլրդ դրամ հարկ է վճարում, ունի 3.000 բանվոր-ծառայող, որոնց վճարում է աշխատավարձ, կատարում է շինարարություններ, վթարների վերացում և պետք է հոգա նաև այդ ծախսերը:
Դիտարկմանը, թե շատ քաղաքացիների չվճարելը պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ ստեղծված սահմանափակումների պայմաններում չունեն ֆինանսական միջոցներ, Սարգսյանն ասաց.
«Չմանրանանք, որովհետև բոլորդ էլ գիտեք, որ ամենաէժանը մնում է ջրամատակարարումը: Ակնկալում ենք, որ մեր քաղաքացիներն առաջիկա օրերին կկարողանան թե մարտի, իսկ նրանք, ովքեր չեն հասցրել, նաև փետրվարի վարձավճարները մուծել, որպեսզի մենք կարողանանք այդ գումարներով իրենց ավելի որակյալ ծառայություն մատուցել»:
Անդրադառնալով խմելու ջրի և ջրամատակարարման վճարները չկատարած քաղաքացիների թվին՝ Մ. Սարգսյանն ասաց, որ, չնայած վերջնական տվյալներ չկան, բայց չկան նաև սարսափելի թվեր:
«Որպես կանոն՝ մենք գոհ ենք մեր քաղաքացիենրի պահվածքից: Դա գուցե նաև նրանից է, որ մեր սակագինը բավականին համեստ է, և վճարելու դժվարություններ չկան: Մեզ մոտ խնդիրներ առաջացան մարտին, որն էլ հասկանալի է: Բայց ժամանակավոր դժվարություն է, որը կկարողանանք հաղթահարել»,- ասաց Մուրադ Սարգսյանը: